Սարերի արանքում գտնվող այս գյուղերում փոքր երեխաները երջանիկ են և չեն պատկերացնում իրենց կյանքը առանց հայրենի գյուղի, սակայն մեծանալով նրանք ստիպված են լինում հեռանալ ապրուստի միջոց գտնելու համար:

Մեծ և Փոքր Սամսար գյուղերը Ախալքալաքից հեռու են 17-18 կմ, գտնվում են Աբուլ-Սամսարի լեռնաշղթայի ստորոտում։
11
Շրջանցելով սարերն ու անտառները հասնում ենք գյուղեր, որտեղ մարդիկ դիմավորում են ժպիտով, հյուրասիրությամբ, ապա խոսում են խնդիրների մասին։
13
Ամենաառաջնային խնդիրը գյուղերի համար գազի բացակայությունն է։
«Մենք էլ ենք հասկանում, որ ձեռնտու չէ այդքան ամայի ճանապարհով խողովակներ անցկացնելը, մինչև մեր գյուղ հասնի, բայց ինչ արած խնդիրը կա», – նշում է Փոքր Սամսարի բնակիչը։
4
Սամսարի բնակիչները ճանապարհի խնդիր ևս ունեն, չնայած բավականին բարեկարգ ճանապարհ է, սակայն ձմռանը այն հաճախակի փակվում է։ Գյուղացիները ասում են, որ եղել է դեպք, երբ բքին ավտոմեքենաները չեն կարողացել հաղթահարել և մնացել են ճանապարհին, մինչև գյուղից հավելյալ տեխնիկայով չեն ընդառաջել և բացել ճանապարհը։
14
Այստեղ չեն աշխատում նաև ինտերնետ օպերատորները, չնայած բջջային կապի միջոցով երիտասարդությունը հնարավորություն ունի ինտերնետից օգտվելու։ Այս փաստը թերևս իր լավ կողմն էլ ունի, գյուղում հանդիպեցինք սահնակ խաղացող երեխաների, ովքեր համակարգիչների դիմաց նստելու փոխարեն մանկություն էին վայելում։
7
«Մենք սահնակ էլ ենք խաղում, դահուկ էլ, սարերն ենք գնում։ Նոր տարին մենակ մեզ մոտ է իրական Ձմեռ պապը գալիս, որովհետև Ձմեռ պապը սահնակով է գալիս, իսկ ուրիշ տեղ մեր գյուղի չափ ձյուն չկա»,- ոգևորված իրենց գյուղի առավելություններն են ներկայացնում սահնակով սահող տղաները, լրացնելով, որ իրենք չեն պատրաստվում երբևէ գյուղից հեռանալ։
8
Սակայն արտագաղթի խնդիրն այստեղ էլ է առկա, վերջին 20 տարիներում բնակիչների մոտ 30 տոկոսը ընդմիշտ հեռացել է․
«Գնում են լավ կյանքի ետևից, մնան ի՞նչ անեն։ Ֆերմա բացել կուզեր հարևանս, հետո չստացվեց ու արդեն 10 տարի է Ռուսաստանում է, ես չեմ ուզում իմ տղաներս էլ մեծանան գնան, կուզենամ ստեղծել միջոցներ, որ տեղում մնալը իմաստ ունենա, նորմալ պայմաններ լինեն ապրելու, բայց եթե չլինի ստիպված կգնան», – մտահոգվում է Փոքր Սամսարի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։
12
Գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդիր կա, երիտասարդները ուզում են միջոցներ ձեռնարկել խմելու ջրի խնդրի լուծման վերաբերյալ, իսկ այ ոռոգման ջրի հարցը դժվարություններից է։ Այստեղ մարդկանց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։
3
«Մեր հողերից է, որ ցանում ենք կարտոֆիլի գույնը խամրած է լինում, դժվար է նման գույնով վաճառելը», – ասում են գյուղացիները։

Սակայն բացի կարտոֆիլի տեսքից, այս գյուղերում վաճառքի իրացման խնդիրը այլ կողմ էլ ունի, ի տարբերություն մյուս գյուղերի, այստեղ չեն գալիս բերքը գնելու, այլ գյուղացիներն իրենք են սեփական միջոցներով կարտոֆիլը հասցնում մեծ քաղաքներ վաճառելու։
5
Չնայած դժվարությունների, մարդիկ սիրում են իրենց գյուղը:
«Սամսարը միայն իր դիրքով, արդեն հետաքրքիր է, մեր օդն ու բնությունը մաքուր են, մարդիկ էլ են մաքուր, եթե փնտրեք մեր գյուղերում չկան վատ սովորություններից կախվածություն ունեցող մարդիկ, եթե համեմատեք շրջանի երիտասարդության հետ, կտեսնեք, որ մարդիկ այստեղ ավելի մաքուր են։ Մենք միշտ կարող ենք հույսներս գյուղացիների վրա դնել, իրար օգնում ենք ամեն հարցով»։
10
Այս մարդիկ գյուղի դժվարություններին ընտելացած ապրում են, սպասումով, որ ինչ-որ բան մի օր դեպի լավը կփոխվի և այլևս գյուղից հեռացող չի լինի։

Սոնա Տոնականյան