Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանով գյուղի բնակիչները չեն դադարում երազել բնական գազի մասին, նրանք զրկված են նորմալ ճանապարհներից, իսկ ձմռանն առատ ձյունը փակում է ոչ միայն ներգյուղական ճանապարհները, այլեւ գյուղը կտրում է քաղաքից։

Ժդանով գյուղը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի վրա։ Ժդանովում ապրում է մոտ 100 ընտանիք։ Բայց տարեցտարի նորմալ, տարրական կենցաղային պայմանների բացակայության պատճառով, ընտանիքները լքում են գյուղը։

Գյուղացիների խոսքով, այս տարի Ժդանովից հեռացել է 6 ընտանիք: Մարդիկ ցանկանում են ապրել հարմարավետության մեջ, լավ պայմաններում։ Գյուղում այսօր բնական գազ չկա, տները ջեռուցվում են վառելափայտով, աթարով։

Գյուղում, ջեռուցման համար անհրաժեշտ է մինչև 3000 լարի։ Գումար տնտեսելու նպատակով գյուղացիները գոմաղբ են չորացնում և այն վառում վառելափայտի հետ միասին։ Մեկ շարք վառելափայտի գինը հասել է 400 լարիի։

«Միայն վառելափայտի համար մենք վճարում ենք 1600 լարի, միաժամանակ աթարով ենք տաքանում, եթե միայն վառելափայտով ջեռուցենք տունը, ապա պետք է 2500-3000 լարիի վառելափայտ գնենք։ Ամեն տարի խոստանում են գազն անցկացնել ու չեն անում, պատճառը չեն ասում, չեն ասում՝ «չենք անի», բայց և չեն էլ անցկացնում»,- ասում է Ժդանովի բնակիչ Սիմոն Թովմասյանը:

Տիկին Անահիտը վրդովված ասում է, որ 21-րդ դարում, երբ աշխարհում ամեն ինչ հեռախոսով է կառավարվում, իրենք դեռ աթարի հույսին են:

Անուշ Մարկոսյանը դժգոհում է, որ ճանապարհ չունեն, իսկ ձմռանը պատահում է, որ ձյան պատճառով մի քանի օր անընդմեջ քաղաքի հետ կապող ճանապարհը փակվում է։

«Մեզ մոտ այնքան խիստ ձմեռ է լինում, որ ճանապարհները փակվում են, մինչև բացում են, օրեր է տևում, եթե ինչ-որ մեկին պետք է հիվանդանոց գնալ, չենք կարող ժամանակին հասցնել։ Այսպիսին են մեր պայմանները։ Ուստի, ով կարող է հեռանում է»,- ասում է Անուշ Մարկոսյանը։

jdanov1

Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, վարելահողերը քիչ են։ Ոմանք փոքրիկ տնտեսություն ունեն, ոմաաք էլ՝ մեծ, մինչև 100 կով:

Սիմոն Թովմասյանը, չգիտես ինչու, դադարեցրել է կաթի վերամշակումը, սակայն այժմ մտափոխվել է և ցանկանում է վերսկսել արտադրությունը։

«Եթե գազ լինի, մնացածը ինքներս կլուծենք, կաշխատենք ու կլուծենք։ Մենք հույսը դնում ենք միայն մեզ վրա»,- ասում է Սիմոն Թովմասյանը։

jdanov3

Էդգար Մնոյանն աշխատում է գյուղական դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ասում է,որ երիտասարդները զբաղմունք չունեն, հատկապես ձմռանը: Էդգար Մնոյանն աշխատանք ունի, նա չի պատրաստվում լքել գյուղը։

Գյուղն ունի խմելու և ոռոգման ջուր, շուտով կբացվի մանկապարտեզ, սակայն բնակիչներին անհանգստացնում է բնական գազի և ճանապարհների բացակայությունը։

jdanov2