Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղը կար շրջանների գազիֆիկացման պետական ծրագրի գյուղերի ցանկում։ 2019-2020 թթ. գյուղում անցկացվել է կենտրոնական գազատար, սակայն այն հետագայում չի բաշխվել բաժանորդների միջև։ Գյուղում սպասում են, որ իրենց կմիացնեն կենտրոնական գազատարին, որն այս երկու տարվա ընթացքում արդեն իսկ հասցրել է փչանալ։
Կառավարության 2019 թվականի ապրիլի 5-ի №791 որոշման համաձայն, շրջանների գազիֆիկացման, եռամյա 2019-2021 թթ.-ի ծրագրում, ընդգրկվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա և Չունչխա գյուղերը։
Պետությունն այս ծրագրի շրջանակներում գազատար է անցկացրել Ասպինձայի մունիցիպալիտետից դեպի Չունչխա և Պտենա գյուղեր։ Բաշխիչ ցանցով պետք է զբաղվեին մասնավոր ընկերությունները։ Երկու գյուղի բնակիչնեն արդեն երկու տարի է սպասում են վերջնական գազաֆիկացմանը:
Երկու տարվա ընթացքում գազատար մայրուղին փչացել է, տեղ-տեղ խողովակներն անջատվել ու ընկել են։
«Ասացին, որ փնտրում են ընկերություն, որը կհամաձայնի գազն անցկացնել բնակիչների տներ, հիմա գազատարը Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում է, բայց ոչ ոք չի ուզում այդ գործը ստանձնել, քանի որ կա խնդիր՝ գազատար մայրուղին պետք է վերականգնել, հետո միայն զբաղվել բաշխմամբ»,- ասում է Չունչխա գյուղի լիազոր Գիորգի Զարիձեն։
Չունչխա գյուղն ունի 85 տուն։ Չունչխայի հետ միասին այս ծրագրով նախատեսվում էր գազաֆիկացնել Ախալքալաքի շրջանի Պտենա և Ասպինձայի Թոկի գյուղերը։
Չունչխա գյուղի բնակիչ Նոդար Պապիձեն ասում է, որ գյուղի հիմնախնդիրը գազի բացակայությունն է:
«Առանց գազի գյուղում շատ դժվար է, գազատարն արդեն փչացել է, երկու տարի առաջ անցկացրին ու թողեցին առանց վերջացնելու»,- ասում է Նոդար Պապիձեն։
Ջավախքի բաժանորդներին բնական գազը տրամադրում է SJGC ընկերությունը, պարզելու համար, թե որն է խնդիրը, Jnews-ը կապ հաստատեց գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։ Հեռախոսազրույցում նա ասաց, որ իրենք ներգրավված չեն այս ծրագրում, իսկ Չունչխան պետք է գազը ստանա Ասպինձայից։
«Եթե նույնիսկ շատ ուզենայինք, չէինք կարողանա գազով ապահովել, քանի որ գազատար մայրուղին մեր գծին միացված չէ, Չունչխա գյուղը գազով ապահովելու համար գազատարը պետք է անցկացվեր Դիլիսկայից, եթե միացված լիներ Դիլիսկա գյուղից, ապա մենք վաղուց գյուղը գազաֆիկացրել էինք»,- ասաց Վրեժ Բերիկյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը խնդրի մասին տեղյակ է, սակայն գյուղացիներից ավելի շատ տեղեկության չի տիրապետում։
«Գյուղացիները լիազորի հետ միասին դիմել են մեզ, մենք նամակն ուղարկել ենք համապատասխան կազմակերպությանը: Ստացել ենք պատասխան, պատասխանն էլ ուղարկել ենք հասցեատիրոջը, որ ընկերություն են փնտրում, որը կբաշխի ցանցը: Թե որքան կտևի այս ամենը, Ժամանակը ցույց կտա»,- ասաց Մելքոն Մակարյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետից այս ծրագրում ընդգրկվել են Պտենա և Չունչխա գյուղերը։ Ծրագրում ներառված չեն եղել Նինոծմինդայի և Ախալցիխեի մունիցիպալիտետները, իսկ Ասպինձայի մունիցիպալիտետից ընդգրկվել են Ռուսթավի և Սաղուդաբելի գյուղերը: