Այսօր, նոյեմբերի 20-ին Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքի դիմաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները անցկացրեցին բողոքի ակցիա։ Մասնակիցները պահանջում էին Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր։

«Մենք տեսնում ենք, որ Սաակաշվիլիին դանդաղ սպանում են բանտում: Նրա տեղափոխումը երրորդ երկիր շատ կարևոր է, նրան այստեղ չեն բուժում, այլ սպանում են, նրա արյան մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր։ Մեր պահանջն է, որ կառավարությունը չսպանի նախագահին, մենք մեր երկիրը չպետք է վերածենք նախագահների սպանդանոցի», — հայտարարեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին։

Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ Վրաստանի երրորդ նախագահի արյան մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր:

«Ցանկացած կառավարության օրոք էլ եղել են խնդիրներ, բայց Սաակաշվիլիի օրոք վրաց ազգն ուներ ինքնասիրություն, իսկ հիմա դարձել ենք ռուսների ստրուկը, բայց այժմ մեր նպատակը մեկն է՝ փրկել մարդու կյանք, ում փորձում են սպանել», — ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
saakashvili_1

Այժմ ամերիկացի փորձագետները անցկացնում են հետազոտություն, որպեսզի պարզեն արդյո՞ք երրորդ նախագահի օրգանիզմում առկա են թունավոր նյութեր: Այդ հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2 օրից։

Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էր մոտավորապես 400 մարդ: «Միացյալ ազգային շարժման» անդամները, Սաակաշվիլիին արտերկիր տեղափոխելու պահանջով ավելի լայնամասշտաբ ակցիա պայմանավորվեցին անցկացնել նոյեմբերի 23-ին։

saakashvili_3

Գրիշա Մկրտչյան