Ֆերմերների համար, ֆինանսների մատչելիության տեսակետից, մեծ մարտահրավեր է հանդիսանում նոր վարկային կարգավորումները եւ գյուղատնտեսական հողերի վաճառքի արգելքը օտարերկրացիներին: Այդ երկու գործոնները զգալիորեն բարդացրել են վարկեր ստանալու հնարավորությունը:
«Վարկերի տրամադրման հետ կապված կանոնակարգերի խստացումը գրեթե անհնար է դարձրել ֆերմերներին վարկեր ստանալը, քանի որ նրանք չեն կարողանում կատարել դրա համար անհրաժեշտ բոլոր պահանջները: Ինչ վերաբերվում է օտարերկրացիներին գյուղատնտեսական հողերի վաճառքի արգելքին, ապա դա ավելի է բարդացրել վարկավորումը: Ֆերմերների համար միակ արժեքավոր ակտիվը, որը նրանք կարող են վարկի դիմաց բանկում գրավ դնել՝ հողն է, բայց քանի որ վրաստանի բանկերի մեծամասնությունը մեծ թվով արտասահմանյան բաժնետերեր ունի, նրանք զրկված են հողի գրավադրման հնարավորությունից: Համապատասխանաբար, այս երկու նորմերը խանգարում են ֆերմերներին զարգացնել իրենց բիզնեսը », – հայտարարել է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Նինո Զամբախիձեն:
Ըստ նրա, ֆինանսների ուղղորդմանը ֆերմերներին ավանադաբար խանգարում է այնպիսի խնդիրը, ինչպիսին է բանկերի գյուղատնտեսության նկատմամբ վստահության ցածր մակարդակը: Նրա կարծիքով, ներկայիս բարդ իրավիճակից միակ ելքն ավելի ճկուն կարգավորումների մշակումն է:
«Մոտեցումները պետք է փոխվեն, եւ պետք է դառնան ավելի մեղմ եւ ավելի լիբերալ: Սա առաջին հերթին վերաբերում է բանկային կարգավորումներին եւ սահմանադրական արգելքին՝ օտարերկրացիներին գյուղատնտեսական հողերի վաճառքի վերաբերյալ», – հայտարարել է նա:
Նա նաեւ բացասաբար է վերաբերվում գյուղատնտեսության խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնությանը, որը նախատեսում է տուգանք եւ հողամասի բռնագրավում, եթե այն չի մշակվում: Նրա խոսքով, այս դեպքում խնդիրը ֆինանսների հասանելիության բացակայությունն է, առանց որի հնարավոր չէ հողը մշակել:
«Անմշակ հողերը, իհարկե, շատ մեծ խնդիր է Վրաստանում, բայց այն իրավիճակում, երբ ֆերմերները չունեն սեփական կապիտալ, նրանք չեն կարողանում վարկեր վերցնել բանկերից, եւ պետությունը, բնականաբար, ոչնչով չի օգնում նրանց: Նման իրավիճակում խնդիրներ կլինեն հողերի մշակման հետ: Այս հարցերը սերտորեն կապված են միմյանց հետ: Ելնելով երկրում տիրող իրավիճակից, կարգավորումները պետք է հարմարեցվեն քաղաքացիներին, այլ ոչ թե քաղաքացիները կարգավորումներին», – հայտարարել է Նինո Զամբախիձեն:
Նյութը ՝ bizzone.info-ից