Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անցկացվեց պիկետ` ի աջակցություն Արցախին և Արցախահայությանը։ Բողոքին մասնակցում էին Վրաստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք իրենց հետ բերել էին ցուցապաստառներ հետևյալ գրություններով. «Արցախը քո կարիքն ունի, խոսիր հիմա», «120 000 մարդ արգելափակված է», «Ալիևը ահաբեկիչ է», «Հավասար կոչերը լուռ համաձայնություն են ադրբեջանական հանցագործության համար»:
Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է ինչ ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի արդյունքում շուրջ 120 000 մարդ շրջափակման մեջ է մնացել:
Պիկետի ժամանակ «Րաֆֆի» ուսանողական միության անդամները կարդացին Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով: Միությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում՝ օգտվելոով Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցից, համարձակություն ունենալ, ռեալ գնահատել իրականությունը և դատապարտել ստոր և անմարդկային քայլը, որն իրականացվում է 120 000 անմեղ բնակիչների դեմ։
«Դիմում ենք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետություններին՝ ձեռնարկել քայլեր առաջն առնելու հայերի նոր ցեղասպանության»,- կարդում ենք «Րաֆֆի» ուսանողական միության հայտարարությունում:
«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցեց նամակ և նվիրեց Արցախի դրոշով ծածկված պատմական գրքեր և «Տատիկ Պապիկ» խորհրդանիշը։