Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ունեցած տեխնիկայի կայանման համար քաղաքապետարանը նախկին գյուղտեխնիկայի շենքն է վերանորոգել և տրամադրել։ Կենտրոնի ունեցած 12 միավոր տեխնիկան կտեղափոխվի այդ շենք, բայց գլխավոր վարչական գրասենյակը կմնա նույն վայրում` քաղաքի կենտրոնում։

garaj

Նախկին գյուղտեխնիկայի շենքը վերանորոգվել է և հիմա պատրաստ է շահագործման։ Շենքի վերանորոգման աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել են չորս ընկերություններ, մրցույթը հաղթել էր ՍՊԸ «Էի թի վի»-ն՝ 496 990 լարիով։

garaj 1

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ սա շատ լավ նախաձեռնություն էր քաղաքապետարանի կողմից։

«Աշխատանքներն ավարտված են, հիմա քաղաքապետարանը կհանձնի մեզ շենքը, դեռ հոսանք չկա, դա էլ կլինի, տեսախցիկներ կմիացվեն և մեքենաներն արդեն կկայանվեն շենքում։ Շենքն ունի նաև պահակ։ Մենք ավտոտնակ չունեինք, ամեն վարորդ իր դռան դիմաց էր կանգնեցնում մեքենան, իսկ հիմա կկայանեն այդ շենքում, տեսախցիկների վերահսկողության տակ», – ասաց Մխիթար Ռստակյանը։

Հիշեցնենք, որ սպասարկման կենտրոնն ունի 12 միավոր տեխնիկա, որից երեքն այսօրվա դրությամբ անսարք վիճակում են։

meqenaner