Վրաստանը աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը, որով Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի հետ կապված միջազգային իրավունքի խախտման, այդ թվում՝ պատերազմական հատուցումների վճարման համար։
Բանաձևը վերահաստատում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը ու կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։
Փաստաթուղթն աջակցել է 94 պետություն, դեմ է քվեարկել՝ 14 պետություն, ձեռնպահ՝ 73-ը։
Հատուկ նիստն անցկացվում է Անվտանգության խորհրդի որոշմամբ, որն ընդունվել է «Միասնություն հանուն խաղաղության» 1950թ.-ի բանաձևի հիմքով: Այս ընթացակարգը թույլ է տալիս շրջանցել Անվտանգության խորհրդի մշտական անդամներից որևէ մեկի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի վետոն։ Գլխավոր ասամբլեայի տասնմեկերորդ հատուկ նստաշրջանն այս տարի մի քանի անգամ վերսկսել է իր աշխատանքը՝ անդամ երկրների պահանջով, նշում է ՄԱԿ-ի լրատվական պորտալը։
Բանաձեւը պարտադրողական ուժ չունի, սակայն դրա ընդունումը ամրագրում է համաշխարհային հանրության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինա ներխուժումից հետո։
Բանաձևում ասվում է, որ Ռուսաստանը պատասխանատու է միջազգային իրավունքի խախտման համար և պետք է պատասխանատվություն կրի «ագրեսիայի» ընթացքում իր կողմից թույլ տրված միջազգային իրավունքի ցանկացած խախտման համար, ինչպես նաև պարտավոր է փոխհատուցել իր կողմից հասցված վնասը։
Այդ նպատակով փաստաթուղթը նախատեսում է միջազգային մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև առաջարկվում է ստեղծել միջազգային ռեեստր՝ «բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի, կորստի մասին փաստաթղթավորված ապացույցների գրանցման համար, ինչպես նաև Ուկրաինայի պետությանը Ռուսաստանի Դաշնության գործողությունների հետևանքով միջազգային իրավունքը խախտող զանցանքների համար…»:
Նախագծի հեղինակները վկայակոչում են այս տարի ընդունված Գլխավոր ասամբլեայի մի շարք բանաձևեր, որոնցում ԳՎ պատվիրակները պահանջում են դադարեցնել «Ուկրաինայի դեմ ագրեսիան», դատապարտել ներխուժման մարդասիրական հետևանքները և վերահաստատել իրենց հավատարմությունը ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
Բացի այդ, փաստաթուղթը հիշեցնում է Արդարադատության միջազգային դատարանի 2022 թվականի մարտի 16-ի որոշումը, որը Ռուսաստանից պահանջում էր դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ որպես ժամանակավոր միջոց։
«Ռուսաստանն ամեն ինչ արել է Ուկրաինան ոչնչացնելու համար՝ բառի ամենաուղիղ իմաստով», – պատասխանել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։
«Լիամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրվանից Ռուսաստանը ռումբեր է նետում, հրթիռներ արձակում և բոլոր տեսակի զենքերով գնդակոծում է ուկրաինական քաղաքներն ու գյուղերը, հարվածներ հասցնում արտադրամասերին ու գործարաններին, բնակելի շենքերին, դպրոցներին, հիվանդանոցներին և մանկապարտեզներին։ Մենք բոլորս տեսել ենք կադրերը Բուչայից, Իրպենից, Բորոդյանկայից, Մարիուպոլից և Իզյումից: Ռուսաստանը Ուկրաինայում ոչնչացնում է ճանապարհներ, կամուրջներ և երկաթուղիներ: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը գործնականում ոչնչացրել է Ուկրաինայի էներգահամակարգի կեսը՝ ձմռան նախաշեմին միլիոնավոր ուկրաինացիների թողնելով առանց էլեկտրականության, առանց ջրի ու ջեռուցման»։
Նա հիշեցրել է, որ 1991 թվականին ԽՍՀՄ-ը քվեարկել է Իրաքին պարտավորեցնելու փոխհատուցել այն վնասը, որն այդ երկիրը հասցրել է Քուվեյթին։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ բանաձեւի հեղինակները ցանկանում են ստանալ հնարավորություն, որպեսզի կարողանան օգտագործել ռուսական սառեցված ակտիվները՝ Կիեւին զենքի մատակարարումները ֆինանսավորելու եւ արդեն փոխանցված զենքի դիմաց պարտքերը մարելու նպատակով։ Նա հայտարարել է, որ բանաձեւը «համակարգային ազդեցություն կունենա ՄԱԿ-ի գործունեության վրա» և կոչ է արել անդամ երկրներին «գիտակցել դա» և դեմ քվեարկել նախագծին։