Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «բացարձակ անարդար» է համարում որոշ գործընկերների կողմից Չինաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման պատճառով քննադատությունը։
«Այստեղ բացարձակապես անարդար վերաբերմունք կա կոնկրետ գործընկեր երկրների կողմից։ Փաստորեն, բոլորը գիտեն, որ Չինաստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կարևորագույն առևտրային գործընկերներից է։ Երբ մենք նման պայմաններում լսում ենք Վրաստանի քննադատությունը Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման վերաբերյալ, դա երկակի ստանդարտ է, և մեզ համար նման երկակի ստանդարտը բացարձակապես անընդունելի է»,- լրագրողներին հայտնել է Կոբախիձեն։
Նրա կարծիքով, կառավարության քայլերը, որոնք «ծառայում են ազգային շահերին», հաճախ գնահատվում են «անարդար», ինչը դառնում է «հակաարդյունավետ» գործոն, երբ խոսքը վերաբերում է Վրաստանի հարաբերությունների բարելավմանը իր գործընկերների հետ։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցման նախագիծը չինական China Communications Construction Company Limited-ին (CCCC) փոխանցելու իշխանությունների ծրագրերի վերաբերյալ:
Նա նշել է, որ ընկերության սեփականատերը Չինաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ «այսօր ռուսական բանակի թիվ մեկ ֆինանսավորողը»։
Խոսելով Վրաստանի համար չինական ներդրումների ռիսկերի մասին՝ Դաննիգանը բերեց Շրի Լանկայի օրինակը, որտեղ CCCC-ն, ըստ նրա, նույնպես խորջրյա նավահանգիստ էր կառուցում։ Չինաստանի կառավարությունն ապահովել է օբյեկտի վարձակալությունը 99 տարի ժամկետով և իր ռազմանավերը մտնելու հնարավորությունը, հայտարարել է դեսպանը։