Ֆեյսբուքի վարչակազմը ջնջել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» և «Վրացական ընտրություն» կուսակցությունների հետ կապված էջերն ու խմբերը: Այս մասին ասվում է սոցցանցում հոկտեմբերին ֆիքսված համակարգված անվստահելի պահվածքի մասին «Facebook»-ի զեկույցում:
Ընդհանուր առմամբ, ջնջվել է 54 ֆեյսբուքյան հարթակ՝ 14 էջ և երկու խումբ, որոնք կապված էին «Հայրենասերների դաշինքի» և «Վրացական ընտրության» հետ: Բացի այդ, եւս 21 էջ ջնջվել է «Instagram»-ում, որը «Facebook»-ը ձեռք էր բերել 2012 թ.-ին:
Զեկույցում նշված է, որ նրանք այս ցանցը հայտնաբերել են «Հանուն արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպության զեկույցի հրապարակումից հետո:
Ջնջվել են նաև վրացական «Alt-Info» լրատվական կազմակերպության հետ կապված տասնյակ էջեր: «ISFED»-ի հետաքննության համաձայն, «Alt-Info»-ն իրեն դիրքավորում է որպես «տեղեկատվության այլընտրանքային աղբյուր», բայց իրականում զբաղվում է հակաազատական, հակամիգրացիոն և հակաարևմտյան քարոզչությամբ: Այս դեպքում ջնջվել է 50 հաշիվ՝ 39 էջ, չորս խումբ և ութ միջոցառում, որոնք ստեղծվել են «Facebook»-ում, ինչպես նաև «Instagram»-ում 19 էջ:
Համակարգված անվստահելի պահվածքը Facebook-ն անվանում է տեղեկատվության ազդեցության գործողություն: Որպես կանոն, խմբերը դրա համար օգտագործում են կեղծ էջեր, բայց երբեմն սոցիալական ցանցի վարչակազմը ջնջում է նաև իրական մարդկանց էջերը, ովքեր փորձել են շահարկել հասարակական կարծիքը:
2019-ի դեկտեմբերի 20-ին «Facebook»-ն առաջին անգամ Վրաստանի էջերից ջնջել էր 418-ը՝ «անսվստահելի պահվածքի» պատճառով: Դրանք բոլորը կապված են եղել իշխող «Վրացական երազանք» կուսակցության և «Panda» գովազդային ընկերության հետ:
Ընթացիկ տարվա գարնանը «Facebook»-ը ջնջել էր վրացական հաշիվների ևս երկու մեծ ցանց: Դրանցից մեկը կապված է եղել «Վրացական երազանքի» PR-խորհրդատու Կոկա Կանդիաշվիլիի և նրա կողմից հիմնադրված «Էսպերսոնա» մեդիա-հարթակի հետ, իսկ մյուսը` «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության հետ: