Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի ցանքն ընթացքի մեջ է, քաղաքին մոտ գտնվող գյուղերն արդեն ավարտել են այդ գործընթացը, իսկ բարձրալեռ գյուղերում այդ պրոցեսն ընթացքի մեջ է: Ոմանք ցանքատարածությունները կրճատել են անցյալ տարվա չիրացված բերքի պատճառով, ոմանք էլ հակառակը՝ ավելացել: Խոշոր ֆերմերները հիմնականում ցանել են այնքան, որքան նախորդ տարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մեկ ամիս է սկսվել է կարտոֆիլի ցանքը: Խոշոր ֆերմերներն այս տարի էլ են ցանել այնքան, որքան և նախորդ տարի, իսկ փոքր ֆերմերներն այս հարցին մոտեցել են այլ կերպ:
Անցյալ տարի կարտոֆիլի դաշտերի ընդհարձակումը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ, ովքեր ամեն տարի արտագնա աշխատանքի էին մեկնում, չէին կարողացել մեկնել, մնացել էին և ստիպված սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ, մշակել իրենց դաշտերը, կարտոֆիլ ցանել:
«Ես ցանել եմ այնքան, որքան նախորդ տարի, բայց այս տարի կարտոֆիլի դաշտերը շրջանում քչացել են, քանի որ մեծ մասը գնացել են խոպան, դաշտերում ցորեն են ցանել, նախորդ տարի շատերը չէին կարողացել մեկնել և կարտոֆիլ էին ցանել», – ասաց խոշոր ֆերմերներից մեկը:
Փոքր Սամսար գյուղից մի ընտանիք ասում է, որ անցյալ տարի ընտանիքի տղամարդիկ չէին կարողացել գնալ խոպան և ավելացրել էին կարտոֆիլի դաշտերը, բայց այս տարի տղամարդիկ մեկնել են:
«Մենք կարտոֆիլի դաշտերը երկու անգամ քչացրել ենք, նախորդ տարի ցանել էինք 1 հա 25 հար, իսկ այս տարի՝ 60 հար: Տանը մնացել ենք միայն կանայք, մենք այդքանը չենք կարող մշակել, մեզ համար դժվար է», – ասաց տանտիրուհին:
Բայց կան մարդիկ, ովքեր քչացրել են ցանքադաշտերը, վախենալով նորից բախվել իրացման խնդրին:
«Ես շատ չեմ տնկել, ինչիս է պետք, նույնիսկ ընդհանրապես չէի ուզում ցանել, ես պարզապես գարնան սկզբին թանկ սերմեր էի գնել, ափսոս էր չցանելը: Ես 1 կգ-ը գնել էի 1,5 լարիով, ցանել եմ ընդամենը 30 հար, անցյալ տարի ես ավելի շատ կարտոֆիլի դաշտեր ունեի: Ես չեմ գնում խոպան, միշտ մնում եմ գյուղում, բայց դաշտերը չեմ ավելացրել », – ասաց Կորխ գյուղից Վաղուշ Մակարյանը:
Շատերը չկարողանալով իրացնել նախորդ տարվա կարտոֆիլը, այն ցանել են, որպեսզի դեն չնետեն: Նախնական գնահատականներով, մունիցիպալիտետում ցանվել է մոտավորապես նույնքան, ինչ նախորդ տարի:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն դժվարանում է ինչ-որ բան ասել, մինչև շրջանում կարտոֆիլի ցանքն ամբողջությամբ չավարտվի:
Թե այս տարի որքան և ինչ բերք է սպասվում գյուղացիներին, պարզ կդառնա աշնանը: