Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ անցկացվել է շախմատի, նարդու և սեղանի թենիսի կանանց մրցաշար, որին մասնակցել են քաղաքապետարանի և քաղաքապետարանի ներքո գործող հաստատությունների աշխատակիցները:

«Գենդերային հավասարության առումով առաջնային է, որ մենք չտարբերենք մրցույթը, որպեսզի մասնակցեն՝ թե կանայք, թե տղամարդիկ։ Նման առաջարկ ստացել ենք մեր կին աշխատակիցների կողմից, որպեսզի անցկացնենք այսպիսի մրցույթ: Մի քանի ամիս առաջ նարդու բաց առաջնություն անցկացրինք, որից հետո միտք առաջացավ նման մրցույթ անցկացնել նաև կանանց շրջանում», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Նա նաև նշեց, որ մասնակիցները ցանկություն են հայտնել, որ այսպիսի միջոցառումները շարունակական լինեն։

Սեղանի թենիսի մրցույթում պատվավոր առաջին հորիզոնականը գրավել է Ախալքալաքի թիվ 1 նախակրթարանի վարիչ Լեյլա Գալուստյանը: Շախմատում առաջին տեղը զբաղեցրել է քաղաքապետարանի իրավաբանական ծառայության աշխատակից Լուսյա Չոբանյանը, իսկ նարդու լավագույն խաղի 1-ին տեղը գրավել է երաժշտական ​​դպրոցի աշխատակցուհի Արուսյակ Այվազյանը։

Ինչպես մրցանակային պատվավոր հորիզոնականներ զբաղեցրածները, այնպես էլ մրցաշարի մասնակիցներն Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի, մեդալների և տարբեր մրցանակների: