Ծնունդով Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից Վանո Գվարամաձեն առողջական խնդիրներ ունի։ Բուժման նպատակով նա հիմա Գերմանիայում է: Վանոյին օգնելու համար դրամահավաք է սկսվել։

28-ամյա Վանո Գվարամաձեն մինչև 14 տարեկանն ապրել է Բարալեթ գյուղում, ապա ընտանիքով տեղափոխվել Կախեթի, Սագարեջոյի մունիցիպալիտետ։

Վանոյի հորաքույրը Նաթելա Գվարամաձեն, ով Բարալեթում է բնակվում, ասում է, որ եղբորորդու առողջական խնդիրները սկսվել են ավտովթարից հետո։

«Ամեն ինչ սկսվեց ավտովթարից։ Ավտովթարի ընթացքում վնասել էր ոտքը, ցավեր ուներ ծնկի հատվածում։ Հետո այս աշնանը, հոկտեմբերին նրա մոտ ախտորոշվեց անգիոսարկոմա (քաղցկեղի տեսակ): Բժիշկները առաջարկեցին, որ բուժումը Գերմանիայում շարունակենք: Հիմա նա
Գերմանիայում է: Արդեն մի քանի օր է, ինչ ոտքը կտրել են և շտապ անհրաժեշտ է քիմիոթերապիա, և յուրաքանչյուր քիմիոթերապիան արժե 100 000-ից 150 000 եվրո», – ասում է Վանոյի հորաքույրը:

Վանոն ամուսնացած չէ, ունի երկու եղբայր։ Ծնողները Կախեթիում են, և հիմնական աշխատանք չունեն, անասնապահությամբ են զբաղվում։

Բարալեթ գյուղի գյուղապետ Վառլամ Բերուջանյանն ասում է, որ գյուղում դրամահավաք են նախաձեռնել երիտասարին օգնելու համար:

«Գյուղում իրականացվում է դրամահավաք, բուժման համար 150 000 եվրո են ուզել: Դրամաահավաքը շարունակվում է, մոտավոր մեր բնակչության 70%-ը գումար է փոխանցել: Հավաքված գումարը գյուղացիները պատրաստվում են երիտասարդի հորաքրոջը հանձնել», – ասում է Վառլամ Բերուջանյանը։

Վանո Գվարամաձեին օգնելու համար գումար է փոխանցել նաև Վրաստանում Հայ Օգնության Միությունը:

Վանո Գվարամաձեին օգնելու համար կարող եք գումար ուղարկել նրա եղբոր՝ Ռոբիզոն Գվարամաձեի անունով Georgia bank-ում և TBC-ում բացված հաշվեհամարներին՝

GE43BG0000000132270400

GE74TB7051145061100100