Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել գնորդների:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքը դեռ չի իրացվել: Աշնանը շատ քիչ ֆերմերներ են վաճառել իրենց բերքը: Ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետում իրենց բերքը վաճառում են այն ֆերմերները, ովքեր շտապ գումարի կարիք ունեն, իսկ մնացածն իրենց բերքը հիմնականում պահում են մինչ գարուն՝ հույս ունենալով այն ավելի բարձր գնով վաճառել:
Վերջին տարիներին որոշ խոշոր ֆերմերներ իրենց բերքը վաճառում են աշնանը, համարելով, որ դա ավելի շահավետ է, քան մինչ գարուն պահելը և ավելի թանկ վաճառելը:
Չամդուրա գյուղի խոշոր ֆերմերն աշնանը վաճառել էր իր ամբողջ բերքը և կարծում է, որ ճիշտ է վարվել:
«Արդեն առաջխաղացում կա, գնորդները հին նոր տարուց հետո սկսել են գալ: Գնորդները վրացիներ են: Ես վաճառել եմ իմ կարտոֆիլը, բայց շրջանում կա մեծաքանակ չիրացված կարտոֆիլ: Կարծում եմ, պետք չէ վախենալ, որ բերքը կմնա, հատկապես եթե այն որակյալ է: Եթե ֆերմերն ունի բարձրորակ կարտոֆիլ, ապա այն վաճառվում է 70 թեթրիով, իսկ միջին որակի կարտոֆիլը կարելի է վաճառել մոտ 50 թեթրիով », – ասում է ֆերմերը:
Կիրովական գյուղից Եղիշ Աղաջանյանը նույնպես իր բերքը վաճառել է աշնանը՝ 1 կգ-ը 60 թեթրիով, և ասում է, որ գնորդ լինելու դեպքում այն պահելու կարիք չկա:
«Ինչու թողնել, իմաստ չեմ տեսնում, մենք այն աճեցնում ենք, որպեսզի վաճառենք, ես արդեն մի քանի տարի է աշնանն եմ վաճառում», – ասում է Եղիշ Աղաջանյանը:
Խոշոր ֆերմերները իրենց մշտական հաճախորդներն ունեն, որոնք հիմնականում գնում են մեծածախ, ու ֆերմերներն էլ չեն ունենում իրացման խնդիր, եթե էժան են վաճառում, ծախսերը ծածկվում են քանակով:
Գնորդները նախ բերքը գնում են քաղաքին մոտ գյուղերից, հետո գնում են հեռավոր գյուղեր: Այս գյուղերի բնակիչներն արդեն սովոր են դրան և սպասում են, մինչ նրանք կարտոֆիլը կվաճառեն:
Օլավերդ գյուղից Հովիկ Գիլոյանը վաճառքի համար նախատեսված 30 տոննա կարտոֆիլ ունի: Նա ցանել է 5 հա կարտոֆիլ:
«Գնորդներ չկան: Գյուղում բոլորն ունեն կարտոֆիլ: Գնորդներն այստեղ չեն գալիս: Մարդիկ մեզ մոտ չեն գալիս վատ ճանապարհների պատճառով: Նրանք գալիս են ամենավերջում, մինչև քաղաքին ավելի մոտ գյուղերի բերքն չվերջանա: Մենք միշտ բերքը տանում ենք այլ քաղաքներ վաճառելու, նույնիսկ աշնանը մեզ մոտ չեն գալիս, գնորդները շատ հազվադեպ են գալիս մեր գյուղ: Այն, ինչ ես վաճառել եմ աշնանը, վաճառել եմ Թբիլիսիում », – ասում է Օլավերդ գյուղից ֆերմեր Հովիկ Գիլոյանը:
Ալաթուման գյուղը նույնպես հեռու է քաղաքից: Ալաթումանցի Մակբեթ Տոնոյանը վաճառքի համար ունի 5 տոննա կարտոֆիլ:
«Գյուղում կարտոֆիլը շատ է, գնորդները՝ քիչ, ով հասցնի նրանց հանդիպել, նա էլ վաճառում է: Ընտիր կարտոֆիլը վաճառվում է 50-55 թեթրիով: Ես ընդհանրապես աշնանն էլ չեմ վաճառել, այլ քաղաքներ տանելու համար տրանսպորտային միջոց չունեմ, և ստիպված պետք է սպասեմ նրանց գալուն: Մարդիկ կան, ովքեր Ախալցիխե են տանում և վաճառում: Նրանք ուշ են գալիս հեռավոր գյուղեր, առաջնահերթ կարտոֆիլը գնում են մոտակա գյուղերից, իսկ հետո միայն գալիս են մեզ մոտ », – ասում է Մակբեթ Տոնոյանը: