Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի ճանապարհները հարթեցվեցին ավազով և մեծ ու սուր քարերով: Չնայած բնակիչների և կազմակերպության աշխատակիցների միջև եղած սկզբնական անհամաձայնության, այսօր աշխատանքները ավարտված են։

Բեժանոյի գյուղամիջյան ճանապարհը հարթեցվեց «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված գումարով, որը կազմում է 26 000 լարի, իսկ տենդերը շահել է անհատ ձեռներեց Գարիկ Զարմարյանը 24617․63 լարիով։ Նույն կազմակերպությունն է զբաղվելու նաև Ալաստան, Թոթխամ, Վաչիան, Խոսպիո, Մարտունի և այլ գյուղերի «Օգնություն գյուղին» ծրագրով անցկացվող ճանապարհահարթեցման աշխատանքներով։ Գյուղական ծրագրով 17 գյուղերի ճանապարհահարթեցման համար նախատեսված ամբողջ գումարը կազմել է 152․745 լարի, որի տենդերի համար պայքարել են 3 կազմակերպություն՝ ՍՊԸ «Ջավախավտոգզա», ՍՊԸ «Դառոժնիկ» և անհատ ձեռներեց Գարիկ Զարմարյանը, ով շահել է տենդերը։

Աշխատանքները Բեժանո գյուղում փորձել են սկսել հոկտեմբերի 14-ին, սակայն բեժանոցիների դժգոհությունից հետո աշխատանքները դադարեցվել են։ Գյուղացիների բողոքի առիթ հանդիսացել է ավազի խորանարդ մետրի քանակի պակասությունը, սակայն հաջորդ օրը եկել են փոխհամաձայնության և, ըստ գյուղացիների, կազմակերպությունը խոստացել է 3 մեքենա ավազ նախատեսվածից հավելյար բերել։

bejano jamapa3

Հոկտեմբերի 16-ին Բեժանո մեր այցելության ընթացքում դեռևս ընթանում էին ավազահարթեցման աշխատանքներ, սակայն թե արդյո՞ք կարելի է տվյալ ճանապարհը համարել հարթ, այն դեպքում երբ տաքսու վարորդը հենց հասավ ճանապարհի հարթեցված հատվածին միանգամից արգելակեց և ասաց՝ «Այ քեզ բան, առաջ լավ էր սուր քարեր չկային, այս ինչ են արել»։ Գյուղասկզբում ականատես եղանք ճանապարհահարթեցնող տրակտորի (գրեյդեր) աշխատանքին, իսկ փոքր առաջ անցնելով արդեն հանդիպեցինք հարթեցված ճանապարհին, որը ոչինչով չէր տարբերվում չհարթեցվածից։

Ճանապարհահարթեցման աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք գյուղի բնակիչ Արարատ Չարչյանի հետ, ով այդ պահին զբաղված էր մինչ այդ օգտագործված ավազի խորանարդ մետրի հաշվարկներով՝«Այս պահի դրությամբ գոհ չենք այդ աշխատանքներից, բայց ասեմ, որ դեռ չեն վերջացրել, առավել հստակ կարող եմ պատասխանել աշխատանքների ավարտից հետո։ Իսկ ինչ վերաբերվում է ավազի տեսակին, ապա ասեմ, որ դա մեր ընտրությունը չէ, ճիշտ է շատ մեծ-մեծ ու սուր քարեր կան, բայց ասում են, որ կմաքրեն»։

bejano jamapa2

Աշխատանքների ընթացքի և գյուղացիների բողոքի վերաբերյալ զրուցեցինք տենդերը շահող ձեռներեց Գարիկ Զարմարյանի հետ, ով ասաց՝ «Բեժանոյի ճանապարհահարթեցման աշխատանքներն արդեն վերջացրել ենք և այս պահի դրությամբ չկա ոչ մի բողոք, սկզբում բեռնատարների չափսերի հետ կապված անհամաձայնություն է եղել, բայց հետո մենք եկանք համաձայնության»։

Երբ արդեն ամբողջությամբ վերջացրել էին աշխատանքները փորձեցինք իմանալ գյուղացիների կարծիքը: Արարատ Չարչյանը մեզ հետ հեռախոսային զրույցի ժամանակ ասաց.

«Գյուղացիները բողոք չունեն, նախատեսված ավազը բերել են, սակայն հավելյար խոստացած 3 բեռնատար ավազը տեխնիկական անսարքությունների պատճառով չբերին։ Այս պահի դրությամբ ճանապարհները հարթեցրել են, գյուղացիները գոհ են, սակայն ես դժգոհ եմ կատարված աշխատանքից»։

Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի տեղեկացմամբ իմացանք՝ Բեժանո գյուղի աշխատանքները արդեն հանձնել են և կողմերը չունեն բողոքներ։

bejano jampa1

Ջուլիետա Տոնականյան