«Ապագայի տանը» տեղի ունեցավ Ախալքալաքում նկարահանված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը՝ «Caucasus Cinema 2022» կինոարտադրողների նախագծի շրջանակներում:

кино

Ընդամենը մեկ շաբաթում նախագծի մասնակիցները նկարահանեցին տարբեր ժանրերոv և տարբեր թեմաներով 9 կարճամետրաժ ֆիլմ։ Ցուցադրության ժամանակ քվեարկություն անցկացվեց հենց մասնակիցների միջև, որի արդյունքում հաղթեց «Տղան և ձուկը» ֆիլմը։

Ի թիվս այլոց, ցուցադրվեցին ֆիլմեր սիրո, հարաբերությունների, մայրության, ինքնասպանության, անձնական հոգեբանական դժվարությունների, մարդասիրության մասին։ Որոշ ֆիլմեր ունեին պատմողական բնույթ, մյուսներն ավելի շատ ունեին գեղարվեստական պատկերավորումներ՝ կցված չէին ոչ մի պատմությանը, բայց գրավում և պահում էին դիտողի ուշադրությունը։ Նման ֆիլմերից մեկը դարձավ «Թռչուն» ֆիլմը, որի ցուցադրությունն ուղեկցվում էր փոքրիկ դաշնակահար Արսեն Կարապետյանի կենդանի կատարմամբ։

кино3

Նկարահանման վայրերից էին Ախալքալաքի կենտրոնական հրապարակը և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, Մշակույթի տունը, Ախալքալաքի սպորտ դպրոցը, նախկին զինվորական ավանում գտնվող կամուրջը, «Վեգաս» խաղատունը, Ախալքալաքի բերդը, Ախալքալաքի բնակիչների տները, քաղաքի տարբեր փողոցներ և տարբեր բնապատկերներ, այդ թվում՝ «Տաշվանկա» բլուրը, իսկ դերասաններից ոմանք տեղի բնակիչներ էին։

Նախագծի շրջանակներում տարեկան 2 անգամ տասնյակ սկսնակ և արհեստավարժ ռեժիսորներ, օպերատորներ, դերասաններ, երաժիշտներ, գրողներ, խմբագիրներ, լրագրողներ և պրոդյուսերներ գալիս են Վրաստան՝ համագործակցելու կինոարտադրության բոլոր ասպեկտներում։ Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները 5 շաբաթվա ընթացքում պետք է մեկնեն Վրաստանի նախապես սահմանված շրջաններ՝ յուրաքանչյուր տարածաշրջան մեկ շաբաթով։ Ջավախքը 2022 թվականի աշնանը դարձավ ծրագրային ցուցակի երկրորդ շրջանը։

кино4

30 երիտասարդ կինոգործիչներ Վրաստանից, Ամերիկայից, Ղազախստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Գերմանիայից երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամանել էին Ախալքալաք։ Շաբաթվա ընթացքում նրանք նկարահանել և մոնտաժել էին 9 կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ցուցադրվեցին «Ապագայի տանը»։

кино5