Նոյեմբերի 12-ին, Ախալքալաքի Ապագայի տանը տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում: Դահիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, ովքեր եկել էին ունկնդրելու ֆրանսահայ շանսոնյեի երգերը:

2018 թվականի հոկտեմբերի 1-ին վախճանվեց ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան, գրող, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը։

mijocarum

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը, Սակրեբուլոյի պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ և այլք:

mijoc apagayi tun

Tigran

Շառլ Ազնավուրը աշխարհահռչակ երգիչ էր, և դա իր արտացոլումը գտավ նաև միջոցառման մեջ. երգերը հնչեցին ֆրանսերեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Ընթերցվեցին նրա բանաստեղծությունները:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա Ամիրյանն իր խոսքում նշեց. «Ազնավուրին իր կենդանության օրոք շատ են ծափահարել, այս ծափահարությունները բոլորը Ձերն են: Ես ուզում եմ, որ այն մտքերը, այն խոսքերը, որ դուք սովորել եք և փոխանցեցիք մեզ ձեզ համար լինի ապրելու ճշմարիտ ճանապարհ: Շատ մեծ կարևորություն ունի, թե մարդը կյանքն ինչպես է ապրում»:

Նշենք, որ աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Արցախում և Հայաստանում հայտարարվել է սգո օր:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

mijocarum1

Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։