Այսօր առավոտից Հայաստանի 8 մարզի 18 համայնքում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ավագանու ընտրությունները 17 համայնքում համամասնական ընտրակարգով են անցկացվում։ Դրանք են` Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ և Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքները։

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ու գրանցվել 12 կուսակցություն («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», ՀՅԴ, «Հանրապետություն», ՀԱԿ, «Կայունություն», «Արդար Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայկական երազանք», «Վերելք», Ազատական կուսակցություն) և կուսակցությունների 7 դաշինք («Հզոր համայնք», «Համախմբում», «Միասնություն», «Ազգ-համայնք», «Դեպի միասնություն», «Արժանապատիվ սերունդ», «Զորավոր համայնք»):