Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով:
«Այսօր մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև խորհրդակցությունների վերաբերյալ։ Եթե Հայաստանը համաձայնի, ուրեմն մենք նույնպես պատրաստ ենք դրան»,- ասել է Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ «եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի և համագործակցության տարածք կհայտնվի»։
«Մենք հայկական կողմին արդեն ծանոթացրել ենք հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքին, հուսով ենք, որ Հայաստանը կսկսի բանակցությունները և կստորագրի խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ ասել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման համար առաջադրված «Հարևանության խաղաղության նախաձեռնությունը» չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում իրենք անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը։
«Ես ցանկանում եմ կրկնել, որ Վրաստանը, ես և մեր կառավարությունը հայտարարում ենք մեր լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու և աջակցելու խաղաղության քաղաքականությանը, որը սկսել ենք միասին։ Ուզում եմ նաեւ նշել, որ խաղաղ հարևանության հիշյալ նախաձեռնությունը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ ձևաչափի, հակառակը, օգնում է: Ես հավատում եմ, որ միասին մենք շատ կարևոր գործեր կանենք»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։