Այսօր Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով իշխանություններին իրենց «Հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածուների վրա ճնշումներ գործադրելու մեջ, այդ իսկ պատճառով, ըստ հայտարարության, վերջիններս հանում են իրենց թեկնածությունը: Թվարկված թեկնածուների թվում են նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի թեկնածուները:

«Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքերով, հատուկ ծառայությունների կողմից ենթարկվել են ճնշման կուսակցության թեկնածու Վարդան Չոլախյանը, ով 3-րդ համարն էր ցուցակում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի մեծամասնական թեկնածու Հովհաննես Հովսեփյանը, ում հարազատներն աշխատում են դպրոցում, ինչպես նաև Նինոծմինդայի շտաբի պետ Գևորգ Բաբերցյանը, ով հայտնել է ճնշումների մասին: Ըստ Նաթիա Մեզվրիշվիլիի, Ախալքալաքից ճնշումների մասին հայտնել են նաև Ախալքալաքի թեկնածուներ՝ Վրեժ Ղազարյանի և Լորա Եզոյանի առնչությամբ:

Jnews-ը ճեպազրույցի ընթացքում թվարկված անձանցից մի քանիսի հետ կապ հաստատեց հեռախոսազանգի միջոցով: Նրանցից ոչ մեկը տեղյակ չէր կուսակցության հայտարարությունից:

Վարդան Չոլախյանը, ով, ըստ Մեզվրիշվիլիի, Ախալքալաքում երրորդն էր կուսակցական ցուցակներում, ասաց, որ իր թեկնածությունը նույնիսկ չի առաջադրել, որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, և որ «Հանուն Վրաստանի» կուսակցության հետ կապված է միայն այն առումով, որ կուսակցության ներկայացուցիչները նրա ընկերներն են: Ճնշումների վերաբերյալ նա նշեց, որ իր վրա ճնշումներ չեն կարող գործադրվել:

Գեւորգ Բաբերցյանն ասաց, որ չի հանել իր թեկնածությունը, բայց միեւնույն ժամանակ մնացած հարցերին չպատասխանեց` ասելով, որ դեռ պատրաստ չէ լրագրողներին տեղեկատվություն տալ:

Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի նախընտրական շտաբի պետ Աշոտ Խանոյանի հետ: Հեռախոսազրույցում նա ասաց, որ թեկնածուներն իրեն չեն հայտնել ճնշումների մասին, այլ պարզապես տեղեկացրել են այն մասին, որ ուղղակի չեն ցանկանում մասնակցել ընտրություններին:

«Մարդիկ, ում մասին Դուք խոսում եք, հանել են իրենց թեկնածությունը, բայց նրանք ինձ չեն ասել որևէ ճնշման մասին: Ինչ վերաբերում է Վարդան Չոլախյանին, նա սկզբում առաջադրել էր իր թեկնածությունը, հետո հանել էր այն», – ասում է Աշոտ Խանոյանը:

Jnews-ն ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային, որպեսզի հասկանանք, թե ինչու «Հանուն Վրաստանի» կուսակցության հայտարարությունը և կոնկրետ մարդկանց պատասխանները չեն համընկնում: