Հոկտեմբերի 8-ը անցավ, արդյունքում ընտրությունները որոշեցին, որ Վրաստանի խորհրդարան մտան երեք քաղաքական կուսակցություններ, «Վրացական երազանքը» ունի 67 մանդատ, «Ազգային շարժումը»՝ 27, իսկ «Հայրենասերների Դաշինքը»՝ 6 մանդատ: Որ կուսակցությունից կլինեն մնացած 50 պատգամավորները, կորոշի երկրորդ փուլը:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 19 կուսակցություններ և 6 դաշինք: Ընտրություններին հետևելու համար Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել էին 138 լրատվական ընկերություն Վրաստանից և այլ երկրներից (ընդհամենը 5014 դիտորդ): Պետք է նշել, որ Հայաստանից ցանկություն էր հայտնել դիտարկելու ընտրությունները միայն tert.am- ը: Ընտրությունները Վրաստանում հետևում էին նաև 55 (1440 դիտորդ) միջազգային և 91 տեղի դիտորդական կազմակերպություններ (29 354 դիտորդ):
Ձայների հաշվարկումից հետո, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Վրաստանի խորհրդարան են մտել երեք քաղաքական ուժեր: Դա «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը ստացել է 48,65% ձայն: Երկրորդ տեղում է ընդդիմադիր կուսակցություն «Միացյալ ազգային շարժումը», նրանց օգտին քվեարկել է ընտրողների 27,12%-ը: Ինչպես նաև հինգ տոկոսանոց արգելքը հաղթահարել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը – 5%: Ձայների 4.62%-ը ստացել են «Ազատ դեմոկրատները», 3.13%-ը` «Լեյբորիստական կուսակցությունը», 1.55%-ը – «Հանրապետականները»:
Ըստ նախնական տվյալների, համամասնական ցուցակներով «Վրացական երազանքը» կստանա 44 պատգամավորական մանդատ, «Ազգային շարժումը» – 27, իսկ «Հայրենասերների դաշինքը» – 6 մանդատ:
Նշենք, որ համամասնական ընտրությունների հիման վրա «Վրացական երազանքի» ստացած 44 մանդատներին, մեծամասնական ընտրակարգով ընտրություններից ավելանում է 23 մանդատ, քանի որ 73 ընտրաշրջաններից 23-ում ընտրությունները ավարտվեցին առաջին փուլով, և բոլոր դեպքերում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները:
Համապատասխանաբար, ըստ այժմ առկա տվյալների, իշխող կուսակցությունը ունի ընդհանուր 67 մանդատ:
Ինչ վերաբերում է ևս 50 պատգամավորական մանդատներին, նրանք պետք է բաժանվեն մեծամասնական ընտրակարգով ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների համաձայն: Երկրորդ փուլը կանցկացվի ոչ ուշ, քան նոյեմբերի 2-ին: Երկրորդ փուլին, կմասնակցեն երկու թեկնածուներ, ովքեր առաջին փուլում հավաքել են ամենաբարձր թվով ձայներ: Շրջանների մեծ մասում, որտեղ կանցկացվի երկրորդ փուլ, խորհրդարանական մանդատների համար կպայքարեն «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման» թեկնածուները: Հազվադեպ դեպքերում «Վրացական երազանքի» թեկնածուի հետ մրցելու են այլ կուսակցությունների թեկնածուներ:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվում են խառը համակարգով` 77 պատգամավոր ընտրվում են կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով), իսկ 73–ը` մեծամասնական (մեծամասնական ընտրակարգով):
Ըստ նախնական տվյալների Վրաստանի Խորհրդարանում 2016-2020 թթ.-ին կաշխատեն ազգությամբ հայ երեք պատգամավոր` Հենզել Մկոյանը, որպես մեծամասնական պատգամավոր, ինչպես նաև Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը, ովքեր ստացել են մանդատ համամասնական ընտրակարգով: Նրանք բոլորն էլ իշխող կուսակցություն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ից են:
Ամբողջ երկրում, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 1 814 276 ընտրող, դա կազմում է բոլոր ընտրողների 51,63%-ը: Ամբողջ Վրաստանում կա 3 513 884 ընտրող:
Շուշան Շիրինյան