Օրերս իշխանամետ և ռուսամետ POS.tv հեռուստաալիքը քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության առաջնորդ Խազարաձեին «մեղադրել է» ազգությամբ հայ լինելու, դա թաքցնելու և դրա համար ամաչելու մեջ։ Քաղաքական գործիչն իր հերթին արդարացումներ էր անում, որ ինքը հայ չէ։ Վրաստանում պարբերաբար նման բաներ են տեղի ունենում. ամենահայտնի դեպքերը եղել են այն դեպքերը, երբ նախկին նախագահ Սաակաշվիլիին, ինչպես նաև «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիային «մեղադրել են» հայկական ծագման համար։ Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին pos.tv-ի «մեղադրանքը» համարում է անբարո, սակայն դրական փոփոխություններ է տեսնում այս հարցում հասարակության վերաբերմունքում։
Խազարաձեի հետ կապված վերջին միջադեպը, երբ լրագրողը հարցրեց, թե ինչու է նա թաքցնում իր հայկական ծագումը, ամաչո՞ւմ է արդյոք դրա համար, մնաց երկրի հայ բնակչության մի մասի տեղեկատվական դաշտից դուրս։ Սակայն միջադեպը, այնուամենայնիվ, վրդովմունք է առաջացրել վրացալեզու որոշ օգտատերերի մոտ: Քաղաքացիական հավասարության և ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով՝ իրավիճակն այնուամենայնիվ փոխվում է, բայց շատ դանդաղ։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր հայրենակիցներից: Որպես վրացի և Վրաստանի քաղաքացի, ես վրդովված եմ POS.tv-ի այս անբարոյական պահվածքից: Երբ նախընտրական քարոզարշավում ներգրավվում են հայատյացության հարցեր, դա ուղղակի անբարո է, և նման վերաբերմունքի համար ժամանակակից Վրաստանում տեղ չկա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արմատախիլ անենք: Եվս մեկ անգամ անկեղծորեն ներողություն եմ խնդրում, բայց, մյուս կողմից, ուզում եմ հուսադրել, որ սա վրդովմունք է առաջացրել վրացական հասարակության մեջ, և շատերը սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել սոցիալական ցանցերում: Օրինակ, ես հիշում եմ, որ ժամանակին նման արշավ էր ընթանում Վրաստանի վարչապետի և ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի դեմ։ Գաղտնիք չէ, որ նրա մայրը հայ էր, և ես նրան լավ էի ճանաչում, նա իմ կյանքի ամենավառ անհատականություններից էր, երեխաներ դաստիարակող կին։ Այդժամ վրաց հասարակության կողմից նման վրդովմունք չկար, երբ Զուրաբ Ժվանիայի ծագման մասին առասպելներ սկսվեցին ստեղծվել։ Վրացական հասարակությունը կամաց-կամաց փոխվում է դեպի լավը: Ակնհայտ է, որ մենք ապաքինվում ենք: Հայատյացությունը բացատրություն կամ հիմնավորում չունի, բայց կան պատճառներ, թե ինչու կարող է առաջանալ, և դա վերաբերում է Ռուսական կայսրության համատեքստին: 21-րդ դարում այս առասպելը և այս հարցերը դեռևս հուզում են վրաց հասարակությանը։ Բայց ես վստահ եմ, որ այս թեման բացարձակապես անհասկանալի է նոր սերնդի, երիտասարդների համար։ Ես չորս երեխա ունեմ, և նրանք բոլորը վրդովված են: Ոչ ոք չի հասկանում, թե սա ինչ անհեթեթություն է»,- մեկնաբանում է նա։
Սակայն նման իրավիճակները քաղաքագետը համարում է քաղաքական անարդար խաղ:
««Վրացական երազանքը» վախենում է պարտվելուց, նրանք չունեն հաղթելու ռեսուրսներ, ուստի փնտրում և խորանում են իրենց հակառակորդների անձնական կյանքում՝ փորձելով նսեմացնել նրանց։ Վրաստանում, ցավոք, դեռևս կան ծայրահեղ աջ ուժեր։ Մենք տեսնում ենք և ճանաչում ենք նրանց: Նրանց համար Վրաստանն ամեն ինչից վեր է, այս աջ ուժերը, ցավոք, գլուխ են բարձրացրել, և դա նկատվում է ոչ միայն Վրաստանում, այլև Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում: Ուլտրաաջերը որոշակի ժողովրդականություն ունեն, ցավոք սրտի, նաև Վրաստանում։ Նրանց համար հիմնական արժեքը ազգությունն է, էթնիկ պատկանելությունը, կրոնական պատկանելությունը, և սա վեր է քաղաքացիությունից։ Մենք պետք է պայքարենք նրանց դեմ, ոչ միայն վրդովվենք, այլեւ միասին գործենք։ Կարծում եմ, որ գործընթացը գնում է դեպի այն կետը, որ մի երկու տարի հետո այս հարցն ընդհանրապես անընդունելի կդառնա։ Ես բարելավման միտում եմ զգում»,- ասում է Պաատա Զաքարեիշվիլին:
Հայատյացությունը, ինչպես էթնիկ ատելության ցանկացած ձև, հաճախ արմատավորված է պատմական հակամարտությունների, քաղաքական շահարկումների կամ մշակութային նախապաշարմունքների մեջ: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ սոցիալական ներդաշնակության և ազգամիջյան հարաբերությունների վրա։