«Վերին Լարս» անցակետում սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ Ռուսաստանից 24 ժամվա ընթացքում 1511 մարդատար ավտոմեքենայի ելք է գրանցվել, հայտնում է Forbes.ru-ն՝ ՌԴ մաքսային ծառայությանը հղում կատարելով։
Ըստ իրենց իսկ տվյալների՝ մեկ օր առաջ, այսինքն՝ մինչ Պուտինի կողմից մոբիլիզացիայի հայտարարումը, Ռուսաստանից Վրաստան մուտք գործած մեքենաների թիվը կազմել է 1261 մեքենա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարվելուց հետո, Ռուսաստանից Վրաստան մուտք գործած մեքենաների թիվը ավելացել է 250-ով։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում գրանցման սպասող մեքենաների թիվը մեկ օրում 50-ից հասել է 300-ի։
Forbes.ru-ի փոխանցմամբ՝ վերջին 2 օրվա ընթացքում Վրաստանում բնակարանների պահանջարկը սեպտեմբերի 19-ի համեմատ աճել է 8 անգամ։ Հրատարակության համաձայն՝ ավելացել է նաև արտերկրում հյուրանոցների պահանջարկը։ Ինչպես հայտնում է հյուրանոցների ամրագրման առցանց ծառայությունը՝ Ostrovok.ru-ն, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, ԱՊՀ երկրներում հյուրանոցների որոնումների թիվը երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ի համեմատ, հինգ անգամ ավելացել է, իսկ ամրագրումների թիվը՝ երկու անգամ։
Վրաստանի հետ մեկտեղ Ղրղզստանում և Ղազախստանում ռուսները 8 անգամ ավելի հաճախ են բնակարան փնտրել, քան սեպտեմբերի 19-ին, իսկ Հայաստանում՝ 14 անգամ։ Սերբիայում հյուրանոցների պահանջարկն աճել է վեց անգամ, իսկ Թուրքիայում՝ երեք անգամ։ Սեպտեմբերի 21-ի համար իրական ամրագրումների (գնումների) թիվը նույնպես աճել է Ղրղզստանում՝ հինգ անգամ, Ղազախստանում՝ երեքուկես անգամ, Հայաստանում՝ երեք անգամ, Ուզբեկստանում՝ երկու անգամ։