Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, արժանացել է Անդրեյ Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակի։
Մարդու իրավունքների ոլորտի այս հեղինակավոր մրցանակը շնորհում է Եվրամիության օրենսդիր մարմինը։ Նավալնիի թեկնածությունն առաջադրել են Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցություններից մեկը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և «Թարմացնել Եվրոպա» լիբերալ պատգամավորների խմբակցությունը։
Եվրամիության Սախարովի անվան մրցանակը շնորհվում է 1988 թվականից՝ «մարդու իրավունքների բնագավառում բացառիկ ներդրում ունենալու համար»։
Եվրոպացի օրենսդիրները Նավալնիին անվանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «գլխավոր քաղաքական ընդդիմախոս»։ Կրեմլի ղեկավարի կոշտ քննադատը կալանավորվել է տարվա սկզբին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ նա բուժվում էր ենթադրաբար «Նովիչոկ»-ով թունավորումից։