Օրջա գյուղի «Մելիորացիա» կոոպերատիվը երեք տարի է, ինչ իր կարտոֆիլի ցանքատարածությունները ջրում է ENPAED2 ծրագրի ֆինանսավորմամբ, LAG-ի (Տեղական զարգացման խումբ) դրամաշնորհով գնված, շարժական ոռոգման համակարգով։ Այս համակարգի միջոցով կոոպերատիվը լուծել է իր ոռոգման խնդիրը, որը արդիական էր գյուղում, ինչպես նաև այն թույլ է տալիս համագյուղացիներին անվճար օգտվել դրանից։

Օրջա գյուղը ոռոգման համակարգ չուներ, ֆերմերները չէին կարողանում ոռոգել իրենց ցանքատարածությունները և լավ բերք ստանալ։ Իսկ գյուղատնտեսությունը շատերի համար եկամտի միակ աղբյուրն է։

«Մելիորացիա» կոոպերատիվի կազմում 9 հոգի է։ Կոոպերատիվի անդամները, 2019 թվականին տեղեկանալով LAG-ի դրամաշնորհային մրցույթի մասին, որոշում են մասնակցել դրան։ Նրանք շահում են 64 448 լարի արժողությամբ նախագիծ, որից 20%-ը կոոպերատիվի անդամների ներդրումն էր, իսկ մնացած 80%-ը՝ դրամաշնորհը։ Դրամաշնորհի չափով կոոպերատիվը ձեռք է բերել պոմպ և խողովակներ (1400 մ):

Կոոպերատիվի նախագահ Նաիրի Հարությունյանի խոսքով, իրենք երեք տարի է ոռոգում են շարժական համակարգով։ Ցանքատարածությունների ոռոգման ջրավազան գյուղում այս տարի է կառուցվել։

«Բայց, այնուամենայնիվ, շարժական ոռոգման համակարգը հարկավոր է, մենք շատ գոհ ենք: Կոոպերատիվի անդամներից զատ, օգտվում են նաև համագյուղացիները և անվճար: Երբ մենք վերջացնում ենք, տալիս ենք նրանց»,- ասում է Նաիրի Հարությունյանը։

Ոռոգման սեզոնին նրանք վարձում են 2-ից 4 բանվոր։

Նաիրի Հարությունյանն այս տարի 5 հա կարտոֆիլ է ցանել և շարժական համակարգի միջոցով երկու անգամ ոռոգել է իր ցանքատարածությունները։