Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղերում կկառուցվեն նոր ամբուլատորիաներ: Շինարարական աշխատանքների համար տենդերն արդեն հայտարարվել է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն բյուջեի վերջին փոփոխությունների ընթացքում, հուլիսի 17-ին, հաստատեց մունիցիպալիտետի չորս գյուղերում ամբուլատորիաների կառուցման համար նախատեսված գումարը: Ընդհանուր առմամբ, բյուջեից հատկացվել է 386 551 լարի: Ամբուլատորիաները կկառուցվեն Ղադո (84 847 լարի), Չամդուրա (85 961 լարի), Կարտիկամ (86 463 լարի), Զակ (86 718 լարի) գյուղերում:
Հուլիսի 24-ին Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել է ամբուլատորիաների կառուցման 4 առանձին տենդեր: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:
Կվերանորոգվեն նաև 6 ամբուլատորիա: Ախալքալաքի մունիցիպալիտետում միայն 3 ամբուլատորիա է գործում նորմալ և ստանդարտին համապատասխան պայմաններում, մնացածը գործում են մասնավոր տներում:
Տարվա սկզբին Վրաստանի վարչապետը հայտարարել էր այս ծրագրի մեկնարկի մասին, որի համար պետբյուջեից հատկացվել էր 20 միլիոն լարի, և դրանում ներառված են բոլոր մունիցիպալիտետները: Այս տարի Վրաստանում կվերանորոգվի մոտ 300 ամբուլատորիա, կկառուցվի ավելի քան 100 նոր ամբուլատորիա և 40 շտապ օգնության կենտրոն: