Մերենիայի միակ գետը, որը ծառայել է գյուղին թե՛ ոռոգման ջրի միջոց, և թե՛ անասունների ջրման միջոց, արդեն մի քանի տարի է ճահճի է վերածվել։ Գյուղի բնակիչը, ով սեփական միջոցներով մաքրում էր գետը, այս տարի հրաժարվում է դա անել:
Գետը Մերենիայով հոսել հասել է գյուղ Բուղաշեն, սակայն գետում հավաքված ջրիմուռների և աղբի պատճառով փակվել է ջրի հունը: Ջուրը տարածվում է դեպի արոտավայրեր։ Այնուհետև գետի տարածքը սկսել է ճահճանալ և ներկա դրությամբ պիտանի չէ օգտագործման համար։
Տարիներ շարունակ գյուղի բնակիչ Համազասպ Ադամյանը իր միջոցներով է մաքրել գետը, որպեսզի կարողանան այն օգտագործել գոնե անասունների համար։
“Ամեն տարի մաքրում էի, բայց ես պարտավոր չեմ այն մաքրել։ Ես իմ տեխնիկան եմ օգտագործել դրա համար, որն էլ շատ թանկ արժե”, – ասաց Համազասպ Ադամյանը։
Ըստ գյուղացիների, տենդեր-մրցույթ է հայտարարված եղել գետը մաքրելու համար, և հաղթող էլ է եղել, բայց չեն մաքրել։ Սակայն Ախալքալաքի քաղաքապետարանում մեզ ասացին, որ Մերենիայի գետի մաքրման համար ոչ մի մրցույթ հայտարարված չի եղել և նույնիսկ չի նախատեսված մինչև 2021 թվականի ենթակառուցվածքային զարգացման ծրագրի մեջ:
Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասում է, որ Մերենիայի բնակիչները գյուղական ծրագրով կարող էին լուծում տալ կարևոր խնդիրներին։
“Նրանք ունեին այդ հնարավորությունը, որ մաքրեին։ Տարին մեկ անգամ մաքրում էին։ Գյուղացիները ցանկանում էին, որպեսզի կամուրջ կառուցեին, որ կովերը կամրջից անցնեին արոտավայր։ Ես չեմ հասկանում, թե գյուղի ծրագրով ինչի համար չեն լուծել այդ խնդիրը, դրանից կարևոր խնդիր չկար։ Նրանք ինձ դիմել են բանավոր, սակայն տենդեր-մրցույթ հայտարարված չի եղել”, – ասաց Ալբերտ Նահատակյանը։
Այս տարի Մերենիայի գետի մաքրման ծրագիր չկա, սակայն արդեն գրված է Չամդուրա, Սուլդա, Դադեշ, Օլավերդ, Երինջա ու Կոկիո գյուղերին լճերի մաքրման համար, սակայն դեռ տենդեր-մրցույթ չի հայտարարվել։
Գայանե Ակոջյան