Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը սկսել է «Կաթնամթերքի արտադրության արդիականացում և գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսական աջակցությամբ, գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում։ Ֆերմերները կարող են անասնաբուծության զարգացման տարբեր ծրագրերի իրականացման համար ստանալ անհատույց ֆինանսավորում։
Գյուղական զարգացման գործակալությունը սեպտեմբերի 12-ից սկսել է այս ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նշված չէ, հայտերն ընդունվելու են մինչև ծրագրի բյուջեի վերջանալը, որը կազմում է 12 մլն լարի։
Դիմում կարող են ներկայացնել ինչպես անհատ ֆերմերները, այնպես էլ կոոպերատիվները, և անհատ ձեռներեցները, որոնք գրանցված են Վրաստանի ֆերմերների տվյալների բազայում։
Հայտերն ընդունվում են հետևյալ կայքում ՝ rda.cov.ge
Յուրաքանչյուր դիմող կարող է նախագիծ գրել մեկ ուղղությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է նախագծեր հետևյալ 5 ուղղություններով.
1. Առաջնային կաթի արտադրություն:
Եթե դիմողը կին է, ապա նախագիծը ֆինանսավորվում է 80%-ով (մնացած 20%-ը ներդրում է անձամբ դիմողը), առավելագույնը 30 000 լարի, տղամարդկանց դեպքում՝ 60%, առավելագույնը 30 000 լարի:
2. Արհեստական բեղմնավորման և անասնաբուժական ծառայություններ:
Պետությունը ֆինանսավորում է ծրագրի ծախսերի 70%-ը՝ առավելագույնը 42 000 լարի։
3.1 Միջին արտադրության կաթի վերամշակում:
Ֆինանսավորվում է նախագծի ծախսերի 50%-ը, առավելագույնը՝ 80 000 լարի։
3.2 Կաթի հավաքման կետ:
Ֆինանսավորվում է նախագծի 60%-ը, առավելագույնը՝ 108 000 լարի։
3.3 Կաթի փոքր վերամշակում
Ֆինանսավորվում է նախագծի 70%-ը, առավելագույնը 31 000 լարի։
3.4 Ամառային արոտավայրերում կաթի հավաքման կետ:
Ֆինանսավորվում է Նախագծի 70%-ը, առավելագույնը՝ 28 000 լարի։
4. Երիտասարդների համար այլընտրանքային գործունեություն` 100 քառ/մ մակերեսով ջերմոցների կառուցում։ Մասնակցել կարող են 18-ից 35 տարեկան տղամարդիկ և 18-ից 40 տարեկան կանայք։
Կին դիմողների համար նախատեսված նախագծերը ֆինանսավորվում են 90%-ով, առավելագույնը՝ 8000 լարիի չափով, տղամարդկանց համար՝ 80%, առավելագույնը՝ 8000 լարիով։
5. Արևային մարտկոցների տեղադրում կաթի առաջնային վերամշակման արտադրամասերի տանիքներին.
Կանանց համար ֆինանսավորումը կազմում է 90%, առավելագույնը՝ 20 000 լարի, տղամարդկանցը՝ 80%, առավելագույնը 20 000 լարի։
Վերամշակող գործարան կառուցելիս տարածքը պետք է լինի հայտատուի սեփականությունը կամ հայտատուն պետք է ունենա առնվազն 5 տարվա տարածքի վարձակալության պայմանագիր։ Նախագծի պայմաններից մեկն այն է, որ միջին արտադրության գործարան կառուցելու դեպքում պետք է ունենա նվազագույնը 8 աշխատող, փոքր արտադրամասի դեպքում՝ նվազագույնը 2 աշխատող։ Եվ բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն Վրաստանի ֆերմերների տվյալների բազայում։
Փոքր արտադրական ձեռնարկությունը արտադրամաս է, որը 24 ժամում վերամշակում է մինչև 1 տոննա կաթ, միջին արտադրությունը՝ օրական 1-ից 10 տոննա, իսկ ավելի քան 10 տոննա կաթի վերամշակումը կոչվում է մեծածավալ արտադրություն։
Խորհրդատվության և մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղերի զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոն: