Ջավախքում անասունների զանգվածային անկման առաջին դեպքը գրանցվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում։ Այդ ժամանակ անկել է 16 կով, ևս 30-ը մորթվել են հենց գյուղացիների կողմից։ Օրերս Ժդանով գյուղում ժանտախտի դեպքեր են գրանցվել։ Սննդի ազգային գործակալությունից հայտնում են, որ արձանագրված դեպքերն իրենց հսկողության տակ են, և փորձագետներն արդեն սատկած անասունների նմուշները վերցրել են լաբորատոր փորձաքննության համար։ Գործակալության տվյալներով՝ Ջավախքում անասունները հիվանդանում են պիրոպլազմոսով։

Սննդի ազգային գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ պիրոպլազմոս հիվանդությունը բնորոշ է այս տեղանքին։

«Սա պիրոպլազմոս է, որը Ջավախքում գրանցվում է գրեթե ամեն տարի, այն չի փոխանցվում մարդկանց։ Գործակալությունը միջոցներ է ձեռնարկում այս հիվանդության դեմ։ Սա վարակիչ հիվանդություն չէ, այլ հիվանդություն, որը տարիներ շարունակ գրանցվում է Ախալքալաքում: Սա հենց հիմա չի ի հայտ եկել, սա առաջին դեպքը չէ, որ այնտեղ խոշոր եղջերավոր կենդանիներ են վարակվում: Մեր Գործակալությունն անընդհատ խորհուրդներ է տալիս բնակչությանը, ով հետևում է այդ առաջարկություններին, նրա անասունները կենդանի են մնում»,- մեկնաբանեցին Սննդի ազգային գործակալության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հիվանդությունը տարածվում է միջատների միջոցով, խոշոր եղջերավոր անասունների դեպքում դրանք տզեր են։ Այս հիվանդությունը սեզոնային է, ցուրտ եղանակի սկսվելուն պես այն նահանջում է։

Սեզոնի ընթացքում այս հիվանդությունից խուսափելը շատ դժվար է, թեև մասնագետները խորհուրդ են տալիս նախիրը պարբերաբար մշակել տզերի դեմ պայքարելու համար նախատեսված հատուկ դեղորայքով: Բայց տզերի դեմ պայքարն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե այն կանոնավոր կերպով պարբերաբար իրականացվի։

Իսկ եթե այս պայքարը կանոնակարգված չի իրականացվում, ապա մասնագետներն ասում են, որ վարակվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ սկսել բուժումը։ Եթե, օրինակ, կովը դատարկ կուրծքով է վերադառնում արոտավայրից և գտնվում է հյուծված վիճակում, իսկ հետո ջերմում է, անհետանում է որոճալու ունակությունը, հիվանդ անասունը դադարում է ուտել։ Եթե ​​առաջին երկու օրվա ընթացքում չսկսվի բուժումը, հնարավոր է անասունը սատկի։

Իսկ բուժման համար անհրաժեշտ է հետևել Գործակալության աշխատակիցների առաջարկություններին ու խոհուրդներին։

Այս թեմայով կարդացեք նաև՝

Բեժանոյում գրեթե երկու տասնյակ կով է սատկել