Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում 16 կով է սատկել, ևս 30-ին գյուղացիներն իրենք են մորթել: Նրանց խոսքերով, ստուգումներ են անցկացվել և համապատասխան սրսկումներ արվել: Պարենի ազգային գործակալությունից հայտնում են, որ գրանցված դեպքերն իրենց վերահսկողության տակ են և մասնագետներն արդեն լաբորատոր փորձաքննության համար սատկած կենդանիներից նմուշներ են վերցրել: Նախնական տվյալներով, խնդիրը կովերի մարսողական համակարգի հետ է կապված եղել:
Գյուղի բնակիչ Սարգիսի խոսքով, 15-16 կով է սատկել, դրանց թվում է եղել նաև իր եղբորորդու երկու կովերը: Նրա կարծիքով, կենդանիները կարող էին սատկել՝ կամ խոտից, կամ ջրից:
«Այսպիսի դեպք մեր գյուղում երբեք չէր եղել, վախը մարդկանց մեջ բնականաբար դեռ կա, բայց արդեն կովերին տանում են արոտավայրեր, քանի որ ներարկումներ են արվել: Սատկած կովերից կեսին թաղել ենք, կեսի միսը հարևաններով գնել»,- ասում է Սարգիսը:
Մեկ այլ գյուղացի էլ պատմում է, որ մոտ 10 սատկած կովերի գյուղից դուրս են տարել ու թաղել, մոտ 30 կով էլ իրենք են մորթել: Այս դեպքը իր ազդեցությունն է թողել նաև մսի գնի վրա, քանի որ մարդիկ վախենալով, որ իրենց կովը ևս կստակի սկսել են զանգվածային կերպով մորթել անասուններին, արդյունքում մսի գինը կրտուկ նվազել է:
«Մարդկանց մեջ վախ կա և շտապ վաճառում են անասուններին, իսկ գնորդներն այդ փաստը օգտագործում են գինն ավելի իջեցնելու համար: Ապահովության համար հիմա արդեն գյուղում բոլոր կովերին դեղ է ներարկվել, որոնք մենք մեր ուժերով ենք ձեռք բերել, մոտ 4-5 լարի արժեր դեղը, անունը հիմա չեմ հիշում, բայց այս պահին դեղատներում այլևս չի ճարվում, ամբողջ խմբաքանակը սպառվել է»,- ասում է Բեժանո գյուղի բանկիչներից մեկը:
Անաիհտ Քցյանը երկու կով է ունեցել, երկուսն էլ սատկել են, ավելի քան 4000 լարիի վնաս է կրել:
«Իմ երկու կովերն ել սատկել են, դրանից հետո բոլոր կովերին ինչ-որ ներարկում կատարեցին: Չգիտեմ ինչ եմ անելու, հնարավորություն չունեմ կով գնելու, առանց անասունի էլ գյուղացին ինչպե՞ս ապրի»,- պատմում է Բեժանո գյուղի բնակիչ Անահիտ Քցյանը:
Գյուղի անասնաբուժակ Սայաթ Ալեքսանյանի խոսքով, Բեժանոյում մոտ 400 գլուխ կով կա, անասունների զանգվածային անկման դեպքից արդեն 10 օր է անցել և արդեն 3-4 օր է ինչ անասունների նախիրը տանում են արտոտավայրեր:
«Նախնական ախտորոշում կա, ըստ որի՝ կովերի մոտ թունավորում է եղել, որը կարող էր երաշտից լինել: Ըստ ախտորոշման դեղ է բերվել և ներարկվել բոլոր անասուններին, որից հետո անասունների մոտ վարակի դեպքեր չեն գրանցվել»,- ասում է Սայաթ Ալեքսանյանը:
JNEWS-ը կապ հաստատեց նաև Պարենի ազգային գործակալության տարածաշրջանային բաժնի ղեկավար Լիա Բեկաուրիի հետ, ով նշեց, որ կովերի մսից նմուշներ են վերցվել լաբորատոր հետազոտության նպատակով և այս պահին անասունների անկման կոկրետ պատճառը դեռ հայտնի չէ:
Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում շուրջ 220 տնտեսություն կա: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: