Նինոծմինդայից Ջեմմա Սահակյանն այժմ Իտալիայում է աշխատում: Նա Վրաստանում ազգությամբ հայ այն ուսանողներից է, ով իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է աշխատասիրությամբ և նվիրումով հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հասնել այն ամենին ինչի ձգտում ես:

Ջեմման սովորել է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցում, և չնայած նրան, որ իր ավագ քույրերը Հայաստանում են բարձրագույն կրթություն ստացել, ինքը որոշել է Թբիլիսիում սովորել: Չորս քննություն հանձնելով մեր հերոսուհին առանց դժվարության կարողանում է միանգամից ընդունվել Տեխնիկական համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետի առաջին կուրս, և պետության կողմից 100 տոկոս ֆինանսավորում ստանալ:

Բակալավրիատը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո նա ընդունվում է մագիստրատուրա, այնուհետև կրթությունը շարունակում է դոկտորանտուրայում, ծրագրում է այն ավարտելուց հետո իր աշխատանքը շարունակել համալասարանում:

«Ընտանիքիս անդամները ինձ համար միշտ օրինակ են եղել, որ լավ կրթությամբ կարելի է բավականաչափ վաստակել: Ծնողներս միշտ կարողացել են ապահովել ինձ և քույրերիս, որ մենք կենտրոնանանք միայն սովորելու վրա: Փոքրուց ակտիվ եմ եղել և մասնակցել եմ տարբեր ծրագրերի: Միշտ երազել եմ Եվրոպա գնալու մասին, բայց դա այնքան անիրական էր թվում»:

Սակայն Ջեմման իր նպատակասլացությամբ կարողանում է իրագործել երազանքը և մագիստրատուրայում ուսանելու ժամանակ մասնակցում է «Էրասմուս» ծրագրին և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակը սովորում է Ալենի համալսարանում: Վերադառնալով Վրաստան, կրթությանը զուգահեռ սկսում է աշխատել՝ որպես գրասենյակային մենեջեր:

Չնայած զբաղվածությանը նա ժամանակ է գտնում և մասնակցում տարբեր կրթական ծրագրերի՝ շրջելով եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Իսպանիան և այլն:

jemma 2

«Երբ ընդունվեցի դոկտորանտուրա, պլանավորված էր, որ պետք է համագործակցեի եվրոպական տարբեր համալսարանների հետ՝ դիսերտացիաս որակապես ավելի լավը դարձնելու համար: Այդ ծրագրի շրջանակներում եղել եմ Ռումինիայում, հիմա Իտալիայի Պալերմոյի համալսարանի ագրարային բաժնում որպես ասիստենտ եմ, և աշխատում ենք օրգանական գինու ուղղությամբ և հիմա Վրաստանի մասշտաբով հետազոտություն ենք անցկացնում օրգանական գինու օգտագործման մակարդակի հետ կապված»:

Թվում է, ամեն բան հարթ է անցնում մեր հերոսուհու կյանքոմ, բայց պարզվում է, դժվարություններն ու խոչընդոտները քիչ չեն եղել նրա առաջընթացի ճանապարհին: Հաղթահարելով վրացերենի իմացության խնդիրը, նա առերեսվում է արդեն անգլերենի հետ: Պատմում է՝ շատ բարդ է եղել վրացերենից անցումը անգլերենին, բայց հաղթահարել է, և այսօր գերազանց տիրապետում է հայերեն, վրացերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, տարրական մակարդակով գիտի նաև գերմաներեն ու իտալերեն:

Չնայած հեռավորությանը Ջեմմա Սահակյանը մշտապես կապի մեջ է Նինոծմինդայի երիտասարդների հետ: Սիրով կիսվում է բոլոր այն ծրագրերով, որոնց մասին իմանում է, և որոնց շնորհիվ երիտասարդները կարող են զարգանալ ու առաջ գնալ: Մասնագիտությունից ելնելով, ծրագրեր ունի հարազատ շրջանի զարգացման հետ, բայց նախընտրում է չբարձրաձայնել, քանի դեռ դրանք իրականություն չն դարձել:
jemma 3

«Մարդկանց, ովքեր կարդալու են իմ պատմության մասին, խորհուրդ եմ տալիս ոչ մի դեպքում չընկճվել, փոխարենը լինել շատ աշխատասեր և հավատալ սեփական ուժերին: Իհարկե, շատ կարևոր է նաև ծնողների աջակցությունը ոչ միայն ֆինանսապես, այլև՝ հոգեպես: Շնորհակալ եմ իմ ընտանիքին ինձ այդքան աջակցելու, և ամենակարևորը՝ հավատալու համար»:

Ջեմմա Սահակյանին ամենևին էլ հեշտ չի տրվել հաջողությունը։ Այդ ճանապարհի մեկնարկին և ընթացքում բախվելով բազում խնդիրների՝ ձախողելով, հաճախ զրոյից սկսելով, նա միշտ համառորեն պայքարել է, քանի որ հավատացել է, որ հասնելու է իր երազանքներին:

Մեր հերոսուհին եզրափակում է. «Ամենաշատ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում: Մի կասկածեք և գնացեք Ձեր երազանքների հետևից»: