Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը։ Դաունինգ սթրիթ 10-ի նոր ղեկավար կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
Sky News-ի փոխանցմամբ՝ քվեարկության վեցերորդ փուլում Թրասը ստացել է Պահպանողական կուսակցության ավելի քան 81 հազար անդամների ձայները։ Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքի օգտին քվեարկել է ավելի քան 60 հազար մարդ։
Բացի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց՝ Թրասը կգլխավորի նաև Պահպանողական կուսակցությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնին։
Թրասը Ջոնսոնի կառավարությունում զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի նախարար։
Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Պատճառն այն է, որ խորհրդարանի պատասխանատու պաշտոններից մեկում Ջոնսոնը նշանակել էր մի քաղաքական գործչի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնն այդ պատգամավորին նշանակել էր բարձր պաշտոնի՝ իմանալով, որ նա նախկինում ևս մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ, ինչը փաստացի հաստատվել էր։
Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ տեղյակ չի եղել այդ մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոնսոնին անձամբ զեկուցել էին պատահարի մասին։ Վարչապետը ստիպված էր ներողություն խնդրել, իսկ դրանից հետո հրաժարական տվեց ավելի քան 50 նախարար։