2018-2022 թվականներին (2022 թվականի յոթ ամիսների ընթացքում) նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 13 575 օտարերկրացու։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիությունը վերականգնվել է 5 111 անձի դեպքում, գրեթե բոլորն այն ստացել են բացառության կարգով։ Այս մասին են վկայում Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հրապարակած տվյալները։ Նյութը պատրաստվել է նախագահի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
Ըստ վերը նշված տվյալների՝ 2018-2022 թվականներին բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն ստացած 8 464 անձանցից 72%-ը (6 075 մարդ) եղել են Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ։ Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Ուկրաինան (428 մարդ), Հայաստանը (404), ԱՄՆ-ը (330) և Իսրայելը (195)։
Միևնույն ժամանակ, 2022 թվականի ընդամենը կես տարվա (հուլիսի 7-ի դրությամբ) ընթացքում Ռուսաստանի Դաշնության 723 քաղաքացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն, այդ թվում՝ 551-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Նույն ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է ստացել միայն Ուկրաինայի 8 քաղաքացի։
IDFI-ի տվյալներով՝ վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում վրացական անձնագիր հիմնականում ձեռք են բերել ռուսները։ Եվ այս միտումը կշարունակվի, հակված են կարծել հեղինակները։
«Ակնկալվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկությունն էլ ավելի կաճի՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը (սպասվող երկարաժամկետ պատժամիջոցները, այլախոհների հետապնդումները և այլն)»,- ասվում է IDFI-ի հայտարարության մեջ։