Պետական աուդիտն ուսումնասիրել է Նինոծմինդայում արտադպրոցական ուսումնական հաստատության 2018-2019 թթ.-ի գործունեությունը: Արդյունքում փակվել է երկու խմբակ՝ համակարգչայինը և խոհարարականը։ Ըստ աուդիտի հաշվետվության՝ խմբակները փակելու պատճառ է հանդիսացել այն, որ հաստատությունը չի ունեցել այդ խմբակները վարելու համար անհրաժեշտ համակարգչային և խոհանոցային սարքավորումներ, այս մասին գրում է «Ռադիո NOR»-ը։ Հաստատության պատասխանատուի պարզաբանմամբ՝ աշակերտներն իրենց հետ էին բերում պարագաները։
Հարկ է նշել, որ 2018-2019 թվականներին հաստատությունը քաղաքային բյուջեից ստացել է 112 000 լարի։
Նինոծմինդայի Արտադպրոցական ուսումնական հաստատությունում ներկայումս գործում է 7 խմբակ՝ նկարչության, ասեղնագործության, կարուձևի, պոեզիայի, հելունագործության (օրիգամի, կանզաշի, ուլունքագործություն) և դեռահաս ընթերցողի խմբակ։
Մինչև 2019 թվականն այս հաստատությունում ավելի շատ խմբակներ կային, այդ թվում՝ համակարգչային և խոհարարական։
Հաստատության գործունեության մասին նշված է «Համապատասխանության աուդիտի հաշվետվությունում», որը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին։
«Այդ խմբակների ղեկավարները չկարողացան հիմնավորել, թե որքանով է արդյունավետ Արտադպրոցական կրթության հաստատության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքը՝ ծախսված ֆինանսական միջոցների առնչությամբ»,- ասվում է փաստաթղթում։
Քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի բաժնի պետ Լևոն Վարդանյանի խոսքով՝ նշված ժամկետից հետո Նինոծմինդայի քաղաքապետարանում ստեղծվել է աուդիտորական ծառայություն, որը տարին մեկ անգամ ստուգում է քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող հաստատությունները և եզրակացություններ և առաջարկություններ տալիս։
Ներկայումս հաստատությունում գործում են միայն վերը նշված 7 խմբակները։ 2022 թվականի համար հաստատության մունիցիպալ սուբսիդիայի չափը կազմում է 57 700 լարի, ինչը մոտ երկու անգամ պակաս է, քան 2018-2019թթ.-ին: Հաստատության տնօրեն Աստղիկ Դարբինյանի խոսքով, գումարի հիմնական մասը՝ 44 352 լարին, աշխատակիցների աշխատավարձն է, իսկ մնացած մասը՝ կոմունալ և գրասենյակային ծախսերը։
«Հաստատությունում վերապատրաստվելուց և տարբեր հմտություններ զարգացնելուց բացի, մենք նաև միջոցառումներ ենք անցկացնում։ Հիմնականում դրանք պոեզիայի երեկոներ են, մրցույթներ, ցուցահանդեսներ»,- ասում է նա։
Տնօրենը նշեց նաեւ, որ ժամանակին ջեռուցման խնդիր կար, հիմա այս խնդիրը լուծված է։ Նա նաև նշեց, որ իրենք տարածքի խնդիր ունեն: Ընդամենը մեկ աշխատասենյակ և մեկ սենյակ, և զգացվում է հանդիսությունների դահլիճի կարիք։
Նյութը պատրաստվել է «Ռադիո NOR»-ի կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա: