Այսօր առավոտից, վրացական տարբեր լրատվամիջոցների լրագրողներ «հսկում» են մանկատունը՝ գոնե ինչ-որ տեղեկություններ հայթայթելու ակնկալիքով: Սուրբ Նինոյի անվան մանկատան երեխաները պատասխանել են լրագրողների հարցերին:
Մանկատան շուրջ սկանդալը շրջանառվում է ավելի քան մեկ ամիս է՝ սկսած այն պահից, երբ Վրաստանի ՄԻՊ ներկայացուցիչներին թույլ չէին տվել մտնել Սուրբ Նինոյի մանկատուն ծրագրված ստուգայցի: Լրատվամիջոցներին նույնպես թույլ չեն տալիս մտնել մանկատուն: Այցելել են ընդամենը 2-3 լրատվամիջոց: Երեկ «Իմեդի» հեռուստաընկերությունը հեռարձակել է տեսանյութ, որում երեխաները խոսում են այն մասին, թե ինչպես են պատժում նրանց՝ իրենց չարաճճիությունների համար:
Դրանից հետո Մարդու թրաֆիքինգի զոհերի պետական խնամակալության և աջակցության գործակալությունը հայտարարություն էր հրապարակել Նինոծմինդայի մանկատան վերաբերյալ, որում ասվում է, որ 6 երեխա ցանկանում է լքել տուն-ինտերնատը, և նրանք աշխատում են այս ուղղությամբ:
Այսօր պետական ծառայությունների աշխատակիցները (կարելի է ենթադրել, որ դրանք սոցիալական աշխատողներ են) մանկատնից տարել են առանձին-առանձին 4 երեխայի՝ երկու-երկու: Թեև, տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ ուր են նրանց տարել, ինչ կառույցներից են եղել այդ մարդիկ:
Երեխաները, որոնք պատից այն կողմ խոսել են լրագրողների հետ, ասել են, որ տանում են նրանց, ովքեր ցանկանում են: