Ախալքալաքի շրջանում Ջավախքի պատմության մեջ առաջին անգամ նկատվում է քաղաքական կուսակցությունների ակտիվություն և հարաբերականորեն հանգիստ նախընտրական իրավիճակ: Ի՞նչ է հարկավոր անել Ջավախքի ընտրողին:
Ջավախքում, որը ներառում է Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանները, ընտրությունների ողջ պատմության ընթացքում, Խորհրդային Միության փլուզումից հետո, առաջին անգամ ընտրողների ձայների համար պայքարում են 7 և ավելի կուսակցություններ: Այս կուսակցություններից 6-ը ունեն իրենց մեծամասնական թեկնածուներին: Դրանք հետևյալ կուսակցություններն են` «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, «Միացյալ ազգային շարժում» դաշինքը, «Դավիթ Թարխան Մոուրավիի, Իրմա Ինաշվիլիի, Վրաստանի հայրենասերների Միությունը- միավորված ընդդիմություն» դաշինք, «Ազգային ֆորում» կուսակցությունը, «Հանրապետական կուսակցությունը» «Պաատա Բուրճուլաձե – Պետությունը ժողովրդի համար» դաշինքը: Իսկ «Ժողովրդավարական շարժում – Միացյալ Վրաստան» կուսակցությունը պայքարում է ընտրողի ձայների համար, բայց Ախալքալաքի ընտրատարածքում չունի մեծամասնական թեկնածու:
Միշտ համարվել է, որ էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջաններում քվեարկում են իշխող կուսակցության օգտին, և մյուս կուսակցությունները անիմաստ են համարում մտնել այդ շրջաններ:
Սակայն, այս տարի Ջավախքում նկատվում է կուսակցությունների ակտիվություն: Ինչի հետ է կապված այս ամենը, Ջավախքի բնակիչները դարձել են քաղաքականապես ավելի ինտեգրված, թե կա՞ մեկ այլ պատճառ: «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին սա կապում այն բանի հետ, որ կուսակցությունները հիմա ավելի ազատ են:
«Ես կարծում եմ, որ 2012 թ.-ի հետ համեմատած, մենք մի քայլ առաջ ենք գնացել: Մեծացել է մրցակցությունը, ավելի շատ է ազատությունը, ավելի շատ են հնարավորությունները տարբեր կուսակցությունների համար: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ ակտիվությունը աճել է, այդ թվում նաև Ջավախքում: Կուսակցությունները կարծում են, որ իրենք ունեն հնարավորություն, և դա ողջունելի է», – ասում է Լաշա Տուգուշին:
Այս նախընտրական շրջանում Ջավախքում նկատվում է տարբեր կուսակցությունների համեմատաբար ակտիվ քարոզարշավ: Բոլոր կուսակցությունների ղեկավարները, ովքեր Ջավախքում ունեն մեծամասնական թեկնածու, անձամբ են եկել Ախալքալաք ներկայացնելու իրենց թեկնածուին: Բոլոր կուսակցությունները տպել են իրենց ծրագրերի բուկլետները, թեև ոչ բոլորն ունեն հայերեն լեզվով բուկլետներ:
Լաշա Տուգուշին համարում է սա առաջընթաց, բայց չի ժխտում նաև այն, որ ամեն ինչ կատարյալ չէ և կան խնդիրներ:
«Իհարկե, տարբեր կուսակցությունների ռեսուրսները տարբեր են: Ոչ միայն ֆինանսապես, այլև մարդկանց առումով: Մի կուսակցությունը ունի ավելի մարդկային ռեսուրսներ և ավելի որակավորված մարդիկ, քան մյուս կուսակցությունները», – ասաց նա:
Լաշա Տուգուշին կարծում է, որ ժողովուրդը, նախքան մտածված ընտրություն կատարելը, պետք է ոչ միայն լսի, թե ինչ են խոստանում թեկնածուները, այլև լսի և կարդա նրանց ծրագրերը:
«Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է նայեն, թե ինչ ծրագրեր ունեն այդ կուսակցությունները, թե ինչ են գրում, ինչ հայացքներ ունեն: Եվ ոչ միայն այն, թե ինչ են նրանք խոստանում, այլ թե ինչպես են նրանք ցանկանում կատարել այդ խոստումը: Խոսքերով հնարավոր է շատ բան անել», – ասում է Լաշա Տուգուշին:
Այսօրվա իրականությունն կարելի է գնահատել որպես Ջավախքը Վրաստանի քաղաքական կյանքին ինտեգրելու փորձ: Կամ գուցե քայլ դեպի ժողովրդավարություն: Սակայն, ոչ բոլոր կուսակցությունները ունեն հավասար հնարավորություններ, բայց համեմատելով ներկայիս իրավիճակը երկարաժամկետ քաղաքական և քաղաքացիական պասիվության հետ, որը տիրում էր Ջավախքում, այսօր կա առաջընթաց:
Շուշան Շիրինյան