Ախալքալաքում և հարակից գյուղերում խորհրդարանական պատգամավորների թեկնածուների պաստառները միմյանց չեն զիջում։ Որոշ պաստառներ առհասարակ պոկվում են և փոխարենը հայտնվում մեկ այլ թեկնածուի պաստառ, որոշները ընդհանրապես պատառոտվում կամ ներկվում են։
Պաստառների ներկայությունը առավել շատ զգալի է Ախալքալաքի կենտրոնական փողոցներում, ինչպիսիք են օրինակ՝ Նալբանդյան, Չարենց, Աղմաշենեբելի փողոցները։ Պատկերը նույնն է՝ պոկված կրկին կպցրած պաստառներ, առհասարակ պոկած կամ մասնակի վնասած պաստառներ։ Չարենց փողոցում, առավել կոնկրետ ռուսական դպրոցի հարևանությամբ ականատես եղանք 3 թեկնածուների անզիջող պաստառների, որոնց պատկերը շարունակաբար փոփոխվում է, այստեղ 5, 41 և 42 համարների թեկնածուների պաստառները մեկը մյուսի փոխարեն հայտնվելով և անընդհատ ուշադրության կենտրոնում լինելով, բավականին մաշված տեսք էին ստացել։ Թե ինչու նշված պաստառները, հատկապես տվյալ վայրում միմյանց չեն զիջում և հնարավոր ազատ տարածությունը չնկատելով, արդեն փակցված պաստառն է պոկվում նորը հայտնվելու համար, հարց է՝ դեռևս անպատասխան։
Հաճախ պաստառը պոկվում է ու փոխարենը ոչինչ չի հայտնվում, այդպիսի տեսարանի հնարավոր է հանդիպել օրինակ թիվ 1 նախկին զինվորական ավան տանող ճանապարհի ողջ երկայնքով։
Ուսումնասիրության ընթացքում հանդիպեցինք նաև «անվնաս» և «համակերպվող» պաստառների, որոնք առհասարակ ոչ վնասված էին ոչ էլ պոկված։
Աղմաշենեբելի փողոցում բացի վերոնշյալ թեկնածուների պաստառներից հանդիպում է նաև 26, 1, և 10 համարի թեկնածուների պաստառները, որոնք համեմատաբար անվնաս են, իսկ եթե անգամ վնասված են, ապա միայն քամուց։
Ախալքալաքի փողոցներում կարճատև շրջագայություն անցկացնելուց հետո արձանագրվածը ներկայացնում ենք լուսանկարներով։
Ջուլիետա Տոնականյան