Մոսկվայում կյանքի 92-րդ տարում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այդ մասին երեքշաբթի ուշ գիշերը հայտարարել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցը։
«Այսօր երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Միխայիլ Սերգևիչ Գորբաչովը»,- նշվում է հայտարարության մեջ։
Միխայիլ Գորբաչովն աշխարհում առավել շատ հայտնի էր որպես անձ, որը դադարեցրեց սառը պատերազմը։ Սակայն հետխորհրդային տարածաշրջանում Գորբաչովն ընկալվում էր որպես գործիչ, որը փլուզեց ԽՍՀՄ-ն և քայլեր չձեռնարկեց Միության կազմում գտնվող երկրների էթնիկ հակամարտությունների սրման կանխման ուղղությամբ։
1985 թվականին, զբաղեցնելով ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա քաղբյուրոյի ամենաերիտասարդ անդամն էր (54 տարեկան)։ Գորբաչովը կարողացավ որոշակի բարեփոխումներ իրականացնել ԽՍՀՄ-ում՝ սկսելով «Վերակառուցման» («Պերեստրոյկա») քաղաքականությունը։ Այն արմատական փոփոխություններ էր իրականացնում ԽՍՀՄ տնտեսության մեջ, ինչպես նաև սոցիալական և քաղաքական համակարգերում։ Դրա արդյունքում Խորհրդային Միությունում ներդրվեց հրապարակայնությունը («գլասնոստ»), չեղարկվեց գրաքննությունը։ Այդուհանդերձ, որոշ պատմաբաններ պնդում են, որ հենց այս «Պերեստրոյկան» դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառը։
Ռուսական ТАСС գործակալությունը գրում է, որ Գորբաչովին կթաղեն Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ կնոջ Ռաիսա Գորբաչովայի կողքին։
Միխայիլ Գորբաչովը ծնվել էր 1931 թվականի մարտի 2-ին։ 1955 թվականին ավարտել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1967 թվականին ավարտել Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտի (ներկայումս Ստավրոպոլի պետական ագրարային համալսարան) հեռակա բաժինը։ ԽՄԿԿ շարքերն անցել էր 1952 թվականին, իսկ 1971 թվականին Կենտկոմի անդամ էր։
Գորբաչովը ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1985-1991 թվականներին՝ Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո։ 1980-ական թվականների վերջին նա դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1990-1991 թվականներին դարձել ԽՍՀՄ միակ նախագահ։ 1990 թվականին Գորբաչովը ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ՝ Արևմուտքի և ԽՍՀՄ միջև հարաբերություններում խաղաղության գործընթացի ներդրման համար։