Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021թ.-ի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտադրելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատումը, կայունության ամրապնդումը, ապաշրջափակման հետ կապված խնդիրների լուծումը եւ տնտեսական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Ալիևը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը, այդ թվում՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։
«Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է Միշելի հայտարարության մեջ: