Մենք թույլ չենք տա, որ քաղաքացիական պատերազմը կրկնվի, մենք կպաշտպանենք մեր ժողովրդին և հայրենիքը,- րոպեներ առաջ հատուկ ուղերձում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը դավաճանություն է անվանել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործողությունները և ասել, որ Մոսկվայի պատասխանը խիստ է լինելու։

Նախագահը հրահանգել է ռուսական զինված ուժերին չեզոքացնել զինված ապստամբությունը կազմակերպողներին։

«Սա թիկունքից հարված է մեր ժողովրդին ու մեր երկրին: Նման հարված Ռուսաստանին հասցվեց 1917 թվականին, երբ երկիրը կռվում էր Առաջին համաշխարհային պատերազմում։ Սակայն հաղթանակը նրանից խլեցին։ Խարդավանքները, վեճերը, քաղաքականությունը շրջվեց ժողովրդի թիկունքում ամենամեծ աղետով, բանակի կործանում և պետության կազմաքանդում, հսկայական տարածքների կորուստ և վերջապես քաղաքացիական պատերազմի ողբերգություն։ Ռուսները սպանեցին ռուսներին, եղբայրները սպանեցին եղբայրներին: Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի։ Մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդին և մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից, այդ թվում՝ ներքին դավաճանությունից, և մեր առջև ծառացածը դավաճանություն է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Բացի այդ, ըստ Պուտինի, «բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար քայլել են դավաճանության ճանապարհով, բոլոր նրանք, ովքեր զինված ապստամբություն են պատրաստել, շանտաժ ու ահաբեկչական մեթոդներ են կիրառել, անխուսափելի պատժի են ենթարկվելու, պատասխանատվության են ենթարկվելու օրենքի և ժողովրդի առջև»։

Հիշեցնենք՝ Եվգենի Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը իր մարտիկների ճամբարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ, ինչը ՊՆ-ն հերքում է։ Պրիգոժինն ասել է, որ մտադիր է կասեցնել «երկրի ռազմական ղեկավարության կողմից իրականացվող չարիքը»։ Պրիգոժինի խոսքով՝ ինքը իր տրամադրության տակ ունի 25 հազար մարտիկ, և կոչ է անում բոլոր ռուսներին, ովքեր ցանկանում են միանալ իրենց, այդ թվում՝ կանոնավոր բանակի զինծառայողներին։ ՌԴ Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ ռազմական ապստամբություն հրահրելու մեղադրանքով։

Բացի այդ, ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել։