Տարիների ընթացքում Աբուլ լեռան բարձրունքը, որի բարձրությունը կազմում է 3300 մետր, նվաճում են ավելի ու ավելի շատ էքստրիմի սիրահարներ, բայց հիմնականում դրանք տեղացիներ են։ Վրաստանի լեռնային զբոսաշրջության հայտնի ուղղությունների քարտեզներում Աբուլ լեռը նշված չէ։ Օգոստոսի 22-ին, սակայն Հայաստանից «Հատիս» անունով զբոսաշրջային ակումբը Ջավախք էր եկել՝ լեռը բարձրանալու նպատակով։ Նրանց թվում էր մեր զրուցակից Գայանեն, ով պատմեց դեպի վեհաշուք Աբուլի գագաթ արշավից ստացած իր տպավորությունների մասին:

Աբուլ լեռը բարձրանալը նրա երազանքն էր: Իսկ այս տարի նրա այցը Հայաստան համընկավ «Հատիս» ակումբի շրջայցի հետ դեպի Աբուլ լեռ։ Նա բաց չթողեց իր երազանքն իրականացնելու հնարավորությունը:

«Կազմակերպիչները բերում են և հետ տանում Հայաստան, մի բան կա, որ նրանք տալիս են քեզ, օրինակ՝ վրաններ, ձողիկներ, բայց մնացածը՝ տաք հագուստը, մագլցելու հարմարավետ կոշիկները, սնունդը՝ արդեն ձեր վրա է: Եթե խնդրեք, կարող են տալ նաև քնապարկ, բայց ես ունեի իմը։ Կան տուրեր՝ շատ հեշտ, տուրիստական, այդ ժամանակ շատ մարդիկ են մասնակցում։ Բայց կան տուրեր, օրինակ՝ բարձրանալ Աբուլ լեռը, երբ արդեն մասնակցում են խմբի մշտական անդամները։ Շրջայցը արժեր 29000 դրամ (ավելի քան 200 լարի): Ջավախք գալ ցանկացողները քիչ էին՝ վերելքի դժվարության պատճառով: Աբուլ լեռը վարձրանալու դժվարությունը գնահատվում է 64%»,- պատմում է Գայանեն։

Palatki

Տեղացիները բարձրանում են գագաթ օգոստոսին: Քանի որ միայն այդ դեպքում կարելի է գիշերել լեռան վրա, այնքան էլ ցուրտ չէ։ Թեև զբոսաշրջիկները հիմնականում բարձրանում են ու իջնում՝ չգիշերելով գագաթին, հատիսցիներն էլ այդպես վարվեցին։

«Հատիս» խմբի ղեկավար Արթուր Մարտիրոսյանի հայրը քարտեզագիր է: Նա անգիր գիտի Հայաստանի բոլոր սարերը: Արթուրը վաղ մանկությունից լեռներում է եղել և շատ լավ է կողմնորոշվում: Երբ նա սար է տեսնում, արդեն գիտի, թե որ կողմից է բարձրանալ պետք, որ ավելի հեշտ լինի, որտեղից է ավելի վտանգավոր և այլն: Արշավախումբը ստեղծվել է 1981 թվականից, այդ ժամանակ հայրն էր արշավով զբաղվում, հետո խումբը անցավ իր ենթակայության տակ: Անցյալ տարի ես միացա խմբին և բարձրացա երկու անգամ, և ինձ շատ դուր եկավ: Ես նրանց հետ բարձրացել եմ Գութանասար՝ 2200 մետր ծովի բարձրությունից և Աժդահակ, որը գրեթե Աբուլի պես է, բայց համեմատաբար ավելի հեշտ է այնտեղ բարձրանալը»։

Այն մարդու համար, ով հաճախ չի զբաղվում լեռնագնացությամբ և ֆիզիկապես պատրաստված չէ, Աբուլ բարձրանալը դա հավասարազոր է հաղթահարելուն ինքդ քեզ: Ոչ բոլորն են հաղթահարում դա:

«Խումբը փոքր էր, ընդամենը 6 հոգի՝ 2 տղամարդ և 4 կին: Խմբապետն էր, և մարդիկ, ովքեր անընդհատ արշավի են գնում նրանց հետ, և ես: Առաջին օրը մենք եկանք Հայաստանից: Գնացինք Վարձիա, առաջին օրն ավելի հեշտ էր, տուրիստական: Բարձրացանք Խերթվիսի բերդը տեսնելու, հետո հասանք Աբուլի ստորոտ, այնտեղ վրանային ճամբար կազմակերպեցինք, հաց կերանք: Նրանք շատ արագ տեմպեր ունեն, ես չէի հասցնում նրանց հետևից, փաստացի վազում էի»։

Abul

Առաջին գիշերը լեռը ցույց տվեց իր բնավորությունը՝ զբոսաշրջիկներին դիմավորելով ուժեղ քամով։ Տպավորություններն ամրապնդեցին արշավների ժամանակ հանդիպող արջերի մասին պատմությունները։

«Ուժեղ քամի բարձրացավ, վրանները քիչ մնաց պոկվեին: Հետո սկսեցին պատմել արջերի մասին, թե ինչպես են արջերն աղջկան Հայաստանում տարել՝ Աժդահակ սարի մոտակայքում, իսկ հետո գտել են միայն նրա մազերը: Գիշերը՝ թե քամին, թե կամ պատմությունը ազդեց, ինձ մոտ զգացողություն առաջացավ, որ ինչ-որ մեկը դրսում քայլում է: Ուշադիր լսում եմ, արդյո՞ք արջն է, թե արջ չէ: Սա այն վիճակն է, երբ շատ հոգնած ես, բայց չես կարողանում քնել, սպասում ես արջին: Հետո պարզվեց, որ դրանք արջեր չէին, այլ լուսադեմին վրանների մոտ էին եկել մի քանի թափառական շներ, երևի ուտելիքի հոտի վրա: Առավոտ կանուխ վրանները հավաքեցինք, պատրաստվեցինք: Ուսապարկերը վերցրեցինք, այնտեղ դրեցինք ջուր, փոխվելու շորեր ու մի քիչ ուտելիք ու սկսեցինք վերելքը»։

Abul 2

Հաճախ նույնիսկ Հայաստանից ժամանած զբոսաշրջիկները չգիտեն, թե ովքեր են ապրում այս տարածքում, թեև բնակչության մեծ մասը հայեր են։ Իսկ տեղացիների համար, ովքեր սար են բարձրանում՝ բոլորը օտարերկրացի են։

«Հայաստանից եկածները կարծում են, որ այստեղ միայն վրացիներ են ապրում: Եվ տեղացիներին հանդիպելիս սկզբում խոսում էին ռուսերեն կամ վրացերեն, իսկ երբ իրար մեջ ինչ-որ բան քննարկում էին հայերեն և պատասխանը լսում հայերենով՝ զարմանում էին: Մեզ հանդիպեց մի տղա բեռնատարով, նա ռուսերենով մեզ առաջարկեց տանել, հետո պարզվեց, որ նա էլ հայ է, նա մեզ տարավ մեր նպատակակետ, որը մեր ճանապարհը մեկ ժամով կրճատեց: Նա Աբուլ գյուղից էր։ Այսպես մենք սկսեցինք բարձրանալ և առաջին 2000-2500 մետրը քիչ թե շատ նորմալ էր: Բայց մենք բարձանում էինք ամենադժվար ճանապարհով, ուղիղ, որ քիչ ժամանակ կորցնեինք և արագ վերադառնայինք»։

Abul 3

Փորձառու արշավականների համար, ովքեր հետաքրքրված են լեռներով, ավելի հեշտ է բարձրանալ, ի տարբերություն սկսնակների: Այստեղ կարևոր է ունենալ լավ առողջություն և լավ ֆիզիկական պատրաստվածություն:

Վերջին 500 մետրը մեր զրուցակիցը բարձրացել է սողալով։

«Մենք բարձրանում էինք 4 ժամ 45 րոպե: Արդեն վերջին մասում ես խմբի վերջում էի, թեև նորեկներին արգելվում է մնալ վերջում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նորեկը պիտի լինի խմբի ավագի հետևում, բայց ես չդիմացա և չկարողացա պահպանել տեմպը և կանգնում էի՝ շունչ քաշելու։ Դու իրավունք չունես, որովհետև կարգն այդպես է։ Չես կարող մենակ դու կանգնել և հանգստանալ, գնալ ստվերում կանգնել և այլն։ Պետք է լավ ֆիզիկական մարզավիճակում լինես։ Մենք բարձրացանք գագաթ, այնտեղ շատ ցուրտ էր: Այնտեղ մենք ցնծացինք, որ վերջապես հասել ենք գագաթ, հաց կերանք, նկարվեցինք: Վերևից ամեն ինչ երևում էր: Մի փոքր հանգստացանք և իջանք ցած: Մենք իջանք ևս 4 ժամ 40 րոպե, այսինքն՝ ընդհանուր առմամբ 9 ժամ տևեց: Խնդիրը քարերի մեջ չէր, այլ գերաճած խոտերի, ոտքերդ դնում ես, ու չգիտես, թե ինչ կա ներսում, հարթ է, թե՝ ոչ: Այս հատվածն ամենադժվարն էր»,- պատմեց Գայանեն։

Տեղի բնակիչները վստահեցնում են, որ Աբուլ լեռան գագաթից տեսանելի է Թբիլիսին։ Այնուամենայնիվ, մի բանում կարող եք վստահ լինել, վերևից բացվում է հիասքանչ տեսարան, որով կարելի է հիանալ։

Կարդացեք նաև՝

Ջավախքի չնվաճված գագաթները. Ծուռ գել լիճը

Ուխտագնացություն դեպի Աբուլ (Photo)