«Կարտոֆիլի միջազգային կենտրոնի» (CIP) գիտաշխատող Խորխե Անդրադե-Պիեդրան և Վրաստանում USAID-ի «Կարտոֆիլի ծրագրի» նոր համակարգող Վախթանգ Մշվիդոբաձեն Ախալքալաք էին ժամանել ծրագրի արդյունքները տեսնելու և գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու համար։
Կարտոֆիլի միջազգային կենտրոնը (CIP) Վրաստանում իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ (USAID) «Կարտոֆիլի ծրագիրը»: Եռամյա ծրագիրն ավարտվում է այս տարվա վերջ, և ստացված արդյունքներից է կախված՝ կշարունակվի՞ այս ծրագիրը, ինչպես նաև կիրականացվեն արդյո՞ք Ախալքալաքում կարտոֆիլագործության այլ ծրագրեր։
Խորխե Անդրադե-Պիեդրան և Վախթանգ Մշվիդոբաձեն այցելել են Ալաստան գյուղի կարտոֆիլի ցուցադրական դաշտ, ջերմոց, որտեղ աճեցվում են կարտոֆիլի նոր տեսակների սածիլներ, և սառնարանային տարածք Ախալքալաքում, որտեղ պահվում էր կարտոֆիլը:
Վախթանգ Մշվիդոբաձեն ծրագրի ղեկավար է նշանակվել 2022 թ.-ի օգոստոս ամսին:
2021 թ.-ի աշնանը Ախալքալաքի պահեստում փչացել էր մոտ 60 տոննա կարմիր մեսխեթական կարտոֆիլի սերմացու: Այդ ժամանակ Ախալքալաքում ծրագրի համակարգող Մախարե Մացուկատովը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը, իսկ Ռուսուդան Մդիվանիի հետ մեզ հաջողվեց զրուցել դեպքից ընդամենը վեց ամիս անց։ Նա ասաց, որ կարտոֆիլը փչացել էր ոչ թե պահեստի պայմանների պատճառով, այլ եղանակային պայմանների և շահառուների կողմից ոչ պատշաճ տեսակավորման ու պահպանման պատճառով։ Սակայն, ըստ Jnews-ի տեղեկությունների, անցած աշնանը, երբ սերմացու կարտոֆիլը փչացել էր, պահեստում կլիմատ կոնտրոլը միացված չի եղել։
Վախթանգ Մշվիդոբաձեն, ըստ իր խոսքերի, եկել է հասկանալու թե ինչպես լավագույն արդյունքներն ու ձեռքբերումները ստանա ծրագրի ավարտին մնացած երեք ամիսներում։ Փչացած կարտոֆիլի մասին մեր հարցին նա պատասխանեց.
«Սկզբունքորեն սա մեծ նախագծի մի փոքր մասն է, և, իհարկե, նախագծում կարող են լինել սխալներ, սա այն սխալներից մեկն է, որ ցանկացած նախագիծ կարող էր թույլ տալ, հիմա կապ չունի, թե ում մեղքով է, սա մեկ սև կետ է, որը հիմա ինչ-որ կերպ պետք է շտկել, և հիմա մենք կաշխատենք դրա ուղղությամբ, քանի որ մեզ մնացել է երեք ամիս, և ավելի լավ է կենտրոնանալ հաջողության վրա, քան գնալ այստեղ-այնտեղ և պարզել, թե ով է մեղավորը»,- ասաց ծրագրի նոր ղեկավարը։
Վախթանգ Մշվիդոբաձեի խոսքով, ինքը գոհ է նրանից, ինչ տեսել է Ալաստան գյուղում։ Այնտեղ տնկվել է «Ագրիա» սորտի 12 000 սածիլ։
«Ես գոհ եմ մարդկանցից, թե ինչպես են նրանք աշխատում, մտածում, քանի որ դա մեզ հնարավորություն է տալիս մտածել ծրագրի երկրորդ փուլի կամ հաջորդ նախագծի մասին: Մենք տեսնում ենք, որ տեղում կան մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել, և հույս է առաջանում, որ այն նախագծերը, որոնք նախատեսում ենք, գոնե 50 տոկոսով կֆինանսավորեն: Քանի որ Ախալքալաքը կարտոֆիլ արտադրող շրջաններից է, և մենք ոչ մի կերպ չենք կարող շրջանցել Ախալքալաքը»։
Հարցին, թե ծրագիրը կշարունակվի, թե՞ ծրագրի ավարտից հետո այլ ծրագրեր կիրականացվեն, Խորխե Անդրադե-Պիեդրան ասաց, որ իրենք նույնպես շահագրգռված են շարունակել, բայց ամեն ինչ կախված է դոնորներից։
Ծրագրի ավարտից հետո ողջ գույքը, ըստ նախագծի ներկայացուցիչների, կմնա մունիցիպալիտետում։ Բայց ծրագրի շրջանակներում Ախալքալաք է հասցվել շարժական հողի ստուգման լաբորատորիա, որը, կոալիցիայի անդամ Սեյրան Համազարյանի խոսքով, հիմա չկա։
Այս կապակցությամբ Վախթանգ Մշվիդոբաձեն ասաց հետեւյալը.
«Այսօր ես այդ մասին իմացա ծրագրի մասնակիցներից: Ես հարցրեցի իմ աշխատակիցներին, ովքեր ինչ գիտեն, բայց հենց որ ես գնամ Թբիլիսի, կփորձեմ պարզել, որքան ես գիտեմ, դա պետք է լինի: Ես գիտեմ, որ դա պետք է գրված լինի պայմանագրում».
USAID ծրագրով աճեցրած տասնյակ տոննա փտած կարտոֆիլը դեն են նետել
USAID-ը շարունակում է սերմացու կարտոֆիլի ծրագիրն Ախալքալաքում
Ախալքալաքում կան կարտոֆիլի նոր տեսակներ և սերմացուի նոր պահեստ