Գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը 4 տարվա ընթացքում իրեն և ուրիշներին ապացուցեց, որ Ջավախքում կտավատի աճեցումը ձեռնտու է, բայց այստեղ չկան այս մշակաբույսով զբաղվել ցանկացողներ, չկան կտավատի արտադրության և դրա վերամշակման զարգացման ծրագրեր։ Ֆերմերը տարեկան մշակում է ընդամենը 500 կգ կտավատ, երբ տոննաներով վերամշակված կտավատի ձեթի պահանջարկ կա։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում, մասնագիտությամբ գյուղատնտես, Եղիշե Աղաջանյանը 2018 թվականից, շրջանում ոչ ավանդական մշակաբույս է աճեցնում՝ կտավատ, ինչպես նաև դրա ձեթն է արտադրում։

Սկզբում նա ցանել է 1 հա, հետո մեծացրել է ցանքատարածությունները, և անցյալ տարի 2 հա հողատարածքում է ցանել։ Այս տարի նա ցանել է 1 հեկտար, քանի որ նախորդ տարվա բերքը լավն է եղել ու նա չի հասցրել այն վերամշակել։ Այն ժամանակ նա ստացել էր 2 տոննա կտավատի բերք, իսկ տարեկան նա մշակում է ընդամենը 500 կգ սերմ։ Եղիշե Աղաջանյանը 1 լիտր կտավատի ձեթը վաճառում է 40 լարիով.

«Իմ հաճախորդները հիմնականում տեղացիներն են և Թբիլիսիից, ու արդեն այս տարի ես ունեմ հաճախորդներ Մոսկվայից, ովքեր տեղափոխվել են ՌԴ այստեղից: Առհասարակ, իրացման շուկա գտնելը դժվար չէ, ինձ անհրաժեշտ է կտավատի վերամշակման սարքավորումներ, որպեսզի կարողանամ մեծ քանակությամբ ձեթ ապահովել: Խոշոր ընկերություններն ուզում են ձեթ գնել, բայց նրանք մեծ քանակությամբ են ուզում, որը ես չեմ կարող ապահովել իմ սարքավորումներով: Նրանց տարեկան 10 տոննա ձեթ է պետք, իսկ դրա համար պրոֆեսիոնալ ժամանակակից սարքավորումներ և միջոցներ են հարկավոր»,- ասում է Եղիշե Աղաջանյանը։

len

Եղիշեի վերամշակող սարքավորումը ցածր արտադրողականությամբ է՝ 50 կգ կտավատի սերմի մշակման համար պահանջվում է 3-4 ժամ, 3 ժամում քամվում է 10 լիտր ձեթ։ 100 կգ-ից ստանում է 25 լիտր ձեթ։

Պրոֆեսիոնալ սարքավորումները շատ թանկ են, Եղիշե Աղաջանյանը չի կարող այն իր միջոցներով ձեռք բերել:

«Ես ուզում եմ, որպես կարտոֆիլին այլընտրանքային մշակաբույս, այս ոլորտը ներառել մեր շրջանի գյուղատնտեսությունում: Ցավոք, ոչ բոլոր ղեկավարներն են գնահատում գյուղատնտեսական աշխատանքը, որը շատ ծանր աշխատանք է: Յուրաքանչյուր պետություն պետք է կանգնի իր ֆերմերի կողքին, որպեսզի վերջինս զարգանա: Դրա համար սուբսիդիաներ են պետք, պետությունը պետք է օգնի ֆերմերներին, մենք մեր հնարավորություններով չենք կարող պահանջարկը բավարարել»,- ասում է նա։

Ֆերմերի խոսքով, ինքը դիմել է պետական ​​կառույցներին օգնության համար, սակայն իրեն ասել են, որ կա 2 տոկոսանոց ագրովարկ, որը Եղիշեն ձեռնտու չի համարում։

len1

Եղիշ Աղաջանյանն ասում է, որ խոշոր ընկերությունների պահանջարկը բավարարելու համար ոչ միայն սարքավորում է անհրաժեշտ, այլ նաև ցանքատարածությունների ավելացում։ Տարեկան 10 տոննա կտավատի յուղ ապահովելու համար պետք է 20 հեկտար ցանել, իսկ դա արդեն մեկ ֆերմերը չի կարող անել, հարկավոր է, որ ավելի շատ ֆերմերներ կտավատ աճեցնեն։

«Ես սա դեռ բիզնես չեմ համարում, ոչ էլ հոբբի, պարզապես որպես գյուղատնտես, իմ պարտքն եմ համարում այս մշակաբույսի աճեցումը մտցնել տարածաշրջանում, զարգացնել այն, ուզում եմ ցույց տալ, որ այն ձեռնտու է: Ես փորձում եմ այլ ֆերմերների ներգրավել, որպեսզի նրանք ոչ միայն կարտոֆիլ աճեցնեն, քանի որ կտավատի շահութաբերությունը բարձր է, իսկ ինքնարժեքը ցածր է, իրացման հարցը դժվար չէ, օրինակ՝ Թուրքիայում շատ են օգտագործում կտավատի յուղը»,-ասում է Եղիշե Աղաջանյանը։

Տեղացի ֆերմերները ոչ միայն չեն ընդունում այս մշակաբույսը, այլեւ գյուղատնտեսական համակարգն ընդհանրապես նախատեսված չէ այն աճեցնելու համար: Օրինակ՝ ուժեղ կարկուտը, որը տեղացել էր ամառվա սկզբին, փչացրել է Եղիշեի բերքը, այն հողին է հավասարեցրել։ Իսկ կտավատի ապահովագրումը, ըստ նրա, Վրաստանում դեռ հնարավոր չէ։

«Բանան չենք աճեցնում, որ վախենանք, ընդամենը կտավատ ենք ցանել»

Կտավատի հաջողած բիզնեսը Ջավախքում