Տասնյակ տոննա կարտոֆիլի սերմացու էր դեն նետվել, 2021 թվականի աշնանը, Ախալքալաքի սառնարանային պահեստի մոտ, որը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրով։ Սակայն, ԱՄՆ ՄԶԳ կարտոֆիլի ծրագիրը շարունակվում է։ Ախալքալաքում կշարունակեն աշխատել այն շահառուների հետ, ովքեր հետևում են ծրագրի առաջարկներին։

Վրաստանում ԱՄՆ ՄԶԳ Կարտոֆիլի ծրագիրը եռամյա է, որն իրականացվում է Կարտոֆիլի միջազգային կենտրոնի (CIP) կողմից, և որի ավարտին մնացել է մեկ տարի: Նախորդ տարի՝ 2021 թվականի աշնանը, ըստ ծրագրի ղեկավարության, պահեստից թափվել է մինչև 50 տոննա, իսկ ծրագրի ախալքալաքցի շահառուների խոսքով, մոտ 60 տոննա փչացած, կարմիր մեսխեթական սորտի կարտոֆիլի սերմացու։

USAID ծրագրով աճեցրած տասնյակ տոննա փտած կարտոֆիլը դեն են նետել

Ծրագրի ղեկավար ու Կենտրոնական Ասիայում և Կովկասում կարտոֆիլի արտադրության միջազգային կենտրոնի ղեկավար Ռուսուդան Մդիվանիի խոսքով, փչացած կարտոֆիլը երբեք կասկածի տակ չի դրել Ախալքալաքում ծրագրի շարունակության հարցը։ Նրա խոսքով, ծրագրում ոչինչ չի փոխվել, և երբ ծրագրի ավարտի մեկ տարին լրանա, հնարավոր է այն երկարաձգվի ևս 3 տարով։

«Ծրագրում ոչինչ չի փոխվում, ամեն ինչ արվում է այնպես, ինչպես նախատեսված էր»,- ասում է Ռուսուդան Մդիվանին։

Այդուհանդերձ, ծրագրում ընդգրկված կոալիցիայի անդամների կարծիքով, կասկած կար Ախալքալաքում ծրագրի իրականացումը շարունակել, թե ոչ։

Կոալիցիայի անդամ՝ Սեյրան Ամազարյանի խոսքով, կոալիցիայի երկու անդամներ խորհրդակցության նպատակով գնացել են Թբիլիսի, ինչից հետո որոշվել է ամեն դեպքում շարունակել ծրագիրը:

«Մեզ ասացին, որ եթե այս տարի լավ աշխատենք, ծրագիրը կարող է շարունակվել եւս 3 տարով: Մենք անցած տարի լավ բերք ենք ստացել՝ մոտ 90 տոննա, բայց չենք կարողացել պահպանել, եթե սխալներ չլինեին, մեզանից յուրաքանչյուրը կունենար 7-8 հազար լարիի եկամուտ»,- ասում է Սեյրան Ամազարյանը։

Ինչու անցած տարվա կարտոֆիլը փչացավ, Jnews-ը փորձել էր այս հարցի պատասխանը ստանալ դեռ անցյալ տարվա աշնանը, սակայն մենք միայն վերջերս ստացանք ծրագրի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը։

Ըստ ծրագրի ղեկավար Ռուսուդան Մդիվանիի, կարտոֆիլը փչացել է ոչ թե պահեստային պայմանների, այլ եղանակային պայմանների և շահառուների կողմից ոչ պատշաճ տեսակավորման ու պահպանման պատճառով։

«Սառնարանային պահեստը դրա հետ որևէ կապ չունի: Մենք 2021 թվականին պահեստում 22 տոննա կարտոֆիլ ենք պահել, և ոչ մի հատիկ կարտոֆիլ չի փչացել: 2021-ին վաղ ցրտահարություններ են եղել, կարտոֆիլը ուշ էր հավաքվել, դրա պատճառով ողջ շրջանում 30 տոկոս բերքը փչացել էր: Դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որոշ ֆերմերներ չեն տեսակավորել կարտոֆիլը, ճիշտ չեն պահել այն, ինչի հետևանքով կարտոֆիլը բնականաբար փչացել է։ Նրանք, ովքեր չէին հետևել մեր առաջարկություններին, նրանց կարտոֆիլը փչացել էր»,- ասում է Ռուսուդան Մդիվանին։

Վերջինիս խոսքով, ծրագրի իրականացումն Ախալքալաքում, ընդհանուր առմամբ, շատ արդյունավետ է եղել։

«Շահառուները շատ լավ բերք են հավաքել՝ մեկ հեկտարից մոտ 38-40 տոննա: Սա աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն շրջանում, այլև ամբողջ Վրաստանում»,- ասում է նա։

Սեյրան Ամազարյանն ասում է, որ ծրագիրը շարունակելու համար իրենք պետք է լուծեն սառնարանային պահեստի խնդիրները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը, էլեկտրականության բացակայության պատճառով, պահեստում կլիմայի վերահսկողության համակարգը չէր միացվել։

«Պայմանավորվել ենք, որ իրենց մասնագետին ուղարկեն մեզ մոտ, որպեսզի հոսանք անցկացնեն պահեստում: Եռաֆազ հոսանքի անցկացման համար վճարվել էր, բայց նրանք ուշացումով ձեռնամուխ եղան աշխատանքին, իսկ հետո չհերիքեց 50 մետր մալուխ»,- ասաց Սեյրան Ամազարյանը։

Նրանց խոստացել էին նաև կարտոֆիլի հատուկ արկղներ տրամադրել պահեստին։

«Կարմիր մեսխեթական» սորտի կարտոֆիլի փչացած բերքը նետվել էր աղբանոց: Կոալիցիայի անդամներին հաջողվել էր փչացած կարտոֆիլից ջոկել ցանքի համար կարտոֆիլ։ Հավաքված կարտոֆիլը (մոտ 20 տոննա) բավարար է 70 հեկտար հողատարածքում կարտոֆիլ տնկելու համար։ Սեյրան Ամազարյանի խոսքով, Դիլիսկա գյուղում արդեն սկսել են ցանել այս կարտոֆիլը։

ԱՄՆ ՄԶԳ Վրաստանի կարտոֆիլի ծրագիրը Ախալքալաքում սկսել է գործել 2020թ.-ին: Ծրագրի նպատակն է աջակցել Ախալցիխեի կամ Ախալքալաքի մունիցիպալիտետների համայնքներին պատկանող ֆերմերներին և ֆերմերային միավորումներին սերմացու կարտոֆիլի արտադրության հարցում: Այդ նպատակով Ախալքալաքում կառուցվել է ջերմոց, որտեղ աճեցվել են սածիլներ և սերմացուներ, կառուցվել է նաև սառնարանային կառույց։

Ախալքալաքում կան կարտոֆիլի նոր տեսակներ և սերմացուի նոր պահեստ

2021 թվականին պաշտոնապես, ծրագրի ղեկավարների և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների ներկայությամբ, Ախալքալաքում բացվեց սառնարանային պահեստ 300-ից 350 տոննա կարտոֆիլ պահեստավորլու համար։ Պահեստը կառուցվել է 200 քառ/մ մակերեսով։

sklad3

2021 թվականին Ախալքալաքում փորձարկվել են սերմացուի աճեցման երեք նորարարական տեխնոլոգիաներ՝ ինվիտրո(in vitro), աէրոպոնիկ (aeroponics) և հիդրոպոնիկ (hydroponics):

Ինվիտրոն տեխնոլոգիա է, որով տնկիի ցողունի մի մասը կտրվում և տնկվում է հողի մեջ, աէրոպոնիկ մշակման տեխնոլոգիան այն է, երբ, պալարները զարգանում են օդում կախված, իսկ հիդրոպոնիկը՝ սերմերի զարգացումը տեղի է ունենում թաց ավազի մեջ։

Փորձն իրականացվել է հասկանալու համար, թե որ տեխնոլոգիան է առավել հարմար Ախալքալաքում կիրառելու համար։ Ստացված արդյունքներով ջերմոցը կբաժանվի, 100 քառ/մ-ի վրա կանցկացվի ջեռուցում և կաճեցվի «Ագրիա» սորտի սերմացու։ Սական, դա կիրականացվի հաջորդ տարի:

Սեյրան Ամազարյանի խոսքով, բոլոր ծախսերը կատարվում են ծրագրով։

Ջերմոցի մնացած (50 հար) վրա կտնկվեն սածիլներ, մոտ 2000 հատ (1 հատն արժե 5 լարի) սերմացու կարտոֆիլ ստանալու համար։

Ծրագրի ավարտից հետո, ըստ Ռուսուդան Մդիվանիի, ծրագրի շրջանակներում ստեղծված ողջ ենթակառուցվածքը կմնա ֆերմերների սեփականություն։

«Կարտոֆիլ արտադրողների ցանցը (PPN) բոլոր գործընկերների հետ լինելու է այս ամենի սեփականատերը»,- նշում է Ռուսուդան Մդիվանին։

Ծրագիրը ևս մեկ տարի կօժանդակի ֆերմերներին սերմացու կարտոֆիլ աճեցնելու հարցում: Ընթացիկ տարին հաջողությամբ ավարտելու դեպքում ծրագիրը կշարունակվի ևս 3 տարով։ Մնում է հուսալ, որ նման խոշոր ու թանկարժեք ծրագիրը լավ արդյունքներ կթողնի, և Ախալքալաքում կարտոֆիլագործությունն ավելի շահավետ կլինի ֆերմերների համար։