Ախալքալաքի մունիցիպալիտետում խոտհունձի սեզոնը ընթացքի մեջ է: Այս տարի շրջանում խոտը շատ է, բայց տկի թելը և դիզվառելիքը թանկացել են, ինչի պատճառով էլ խոտը ևս թանկացել է։ Այսօր 1 տուկն արժե միջինը 10 լարի, ինչն, ըստ մանր ֆերմերների, շատ թանկ է։

Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղացիները ձմռան համար խոտի պաշար են հավաքում: Այս տարի անձրեւային եղանակների հետեւանքով շրջանում խոտը շատ է, բայց միևնույն է գինը ոչ թե էժանացել, այլ ավելի է թանկացել։

Ալաթուման գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Խոշոր ֆերմեր Սուրիկ Կարապետյանն ապրում է Ալաթումանում, ունի մեծ ֆերմա՝ 300 գլուխ կով և 1000 գլուխ ոչխար։ Նրա խոսքով, խոտն այս տարի երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի, սակայն ծառայությունները թանկացել են:

«Գինը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի, այս տարի գնորդներն էլ են քիչ, մեր գյուղում գյուղացիների 90%-ն իր խոտն ունի, իսկ անցյալ տարի՝ 30%-ն ուներ: Մեկ կանիստր դիզվառելիքով կարելի է հավաքել 500 տուկ, այն ժամանակ մի կանիստրն արժեր 30 լարի, իսկ հիմա 70-90 լարի է», – ասում է Սուրիկ Կարապետյանը։

Հոկամ գյուղում նույնպես խոտը շատ է։ Բնակիչների խոսքով, 1 տուկն արժե 8-10 լարի, թեև գյուղացիները կարծում են, որ խոտի գինը վերջնականապես կորոշվի օգոստոսի վերջին։

«Գները դեռ որոշված ​​չեն, այժմ բոլորը զբաղված են խոտհունձով: Այս տարի խոտը շատ է, գնորդներ չկան, ամեն մեկին իր խոտը բավականացնում է», – ասում է Հոկամում քաղաքապետի ներկայացուցիչ Սոսո Բալախաձեն:

Գոգաշենցի Զազա Նաթենաձեն ասում է, որ գյուղում այսօր 1 տուկն արժե 10 լարի, իսկ թե ինչպիսին կլինի գինը աշնանը, չի կարող ասել։

Ատոմ Հողմրցյանը Կարծախ գյուղից է: Նա ունի մեծ ֆերմա։

«Խոտն արժե 10 լարի, և իսկապես՝ այս տարի խոտը շատ է, եղանակը բարենպաստ էր, բայց այսօրվա դրությամբ թելերը, դիզվառելիքն ու պահեստամասերը այնքան են թանկացել, որ 10 լարին թանկ չի ստացվում»,- ասում է Ատոմ Հողմրցյանը։

Խոսպիո գյուղից Մարինան ասում է, որ խոտը վաճառում են 8 լարիով, բայց գնորդներ չկան։

«Անցյալ տարի 1 տուկը հավաքելը 70 թեթրի էր, այսօր 1,20 լարի է, ամեն մեկին իր խոտը բավականացնում է: Ես 8 լարիով վաճառում եմ, գնորդ չկա»,- ասում է Մարինան։

Սակայն, Խոսպիոյի մեկ այլ բնակիչ, ով կաթ է վաճառում, դժգոհում է, որ խոտը Խոսպիոյում ավելի թանկ է, քան շրջանի մյուս գյուղերում, ինչի պատճառով էլ նա, հնարավոր է, կաթի գինը բարձրացնի:

«Մեքենան, խոտը 3 ​​անգամ տեղափոխելու համար 500 լարի է վերցնում, մեկ տուկի համար 10 լարի պետք է վճարեմ, ես ունեմ 330 տուկ: Ես չեմ կարող վճարել: Ստիպված կլինեմ կաթը թանկացնել»,- ասում է Ջուլիետա Կոժորիձեն։