Նինոծմինդայի Պուշկին փողոցի ծայրամասի բնակիչները մի քանի օր է գտնվում են ձյան գերության մեջ: Այստեղ բնակվում է երեք ընտանիք:
Ձյան առատ տեղումները և ձնաբուքը ձյունով են լցրել Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի այս մասի ճանապարհները և բակերը:
«Ճանապարհ չկա, մենք փակուղում ենք, ամեն տարի այս խնդիրը մեզ մոտ արդիական է: Արդեն երրորդ օրն է մեր փողոցը ծածկված է ձյունով, ոչ մի ուշադրություն: Երեխաներին հնարավոր չէ ուղարկել մանկապարտեզ, դպրոց, ինչ է կատարվում, թվում է թե մենք քաղաքում չենք ապրում» – ասում է այս փողոցի բնակչուհի Լիլյա Համբարյանը:
Քնարիկ Հովհաննիսյանն ասում է, որ մարդիկ չեն կարող օգտվել իրենց սեփական ավտոմեքենաներից:
«Ոմանք չեն կարող դուրս հանել մեքենաները իրենց բակերից, իսկ մնացածները չեն կարող մոտենալ իրենց տներին: Բոլոր փողոցներում ճանապարհները մաքրվում են, իսկ մեր փողոցին ուշադրություն չեն դարձնում», – ասում է նա:
Բնակիչները բողոքում են, որ ապրելով քաղաքում, նրանք ամեն ձմեռ հաճախ հայտնվում են նման իրավիճակում:
Բորիս Ղարսլյան