Ջավախքում կարծրատիպ կա, որ շրջանում բիզնես-ոլորտները բավականին սահմանափակ են: Ամենից հաճախ դա սննդամթերքը, հագուստը կամ գյուղատնտեսությունն է: Այնուամենայնիվ, Նինոծմինդայից 21-ամյա աղջիկը կոտրեց այս կարծրատիպը՝ սկսելով Ջավախքի դաշտերից հավաքված էկոլոգիապես մաքուր, բնական թեյի արտադրություն:

мзиса2

Դեռևս դժվար է դա անվանել արտադրություն՝ բոլոր խոտաբույսերը հավաքվում և չորացվում են փոքր քանակությամբ, բայց սա դեռ միայն սկիզբն է, և Մզիսա Խմալաձեն բիզնեսի ընդլայնման առումով մեծ ծրագրեր ունի: Աղջիկը ստացել է 20 000 լարիի չափով դրամաշնորհ Caucasus Environmental NGO Network CENN-ից՝ ներկայացնելով իր անսովոր, բոլորովին նոր բիզնես-գաղափարը Ջավախքի համար:

«Այս կազմակերպությունը մեզ մոտ թրեյնինգներ էր վարում, մեզ սովորեցնում էին փաստաթղթավարում, բյուջետավարում, և երբ եկավ իմ նախագիծն առաջարկելու ժամանակը, ես հիշեցի, որ նախկինում ես զբաղվում էի խոտաբույսեր հավաքելով, փորձարկումներ էի անցկացնում, տարբեր բաղադրիչներ էի իրար խառնում և ես մտածեցի՝ ինչո՞ւ ոչ: Մեր մոտ կան շատ օգտակար խոտաբույսեր, որոնք կարող են օգտագործվել ի շահ մարդկանց, այդ թվում և մեր», – կիսվում է աղջիկը:

Ծիծաղելով՝ Մզիսան խոստովանում է, որ խոտաբույսերի խառնման հետ կապված իր փորձերը, որոնք նա անցկացնում էր իր վրա, հաճախ ավարտվում էին գլխապտույտներով և վատ ինքնազգացողությամբ: Հետեւաբար, այժմ նա նախընտրում է օգտագործել միայն փորձարկված խոտաբույսերը, իսկ ապագայում՝ արտադրության մեկնարկից հետո, նա կհամագործակցի հատուկ լաբորատորիայի հետ:

Նրա խոսքով՝ թեյ պատրաստելու նկատմամբ իր հետաքրքրությունը եկել է մանկությունից և ընտանիքից:

«Մանկուց սեր եմ տածում բնության հանդեպ, երբ նույնիսկ գյուղ էի գնում՝ տատիկիս և պապիկիս տեսակցության, մենք հավաքում էինք հնարավոր ամեն ինչ, բերում էինք թեյ, մուրաբա պատրաստելու համար», – հիշում է Մզիսան:

Մզիսայի բիզնեսը ներառում է ոչ միայն թեյի արտադրություն, այլև սոցիալական խնդրի լուծում: Ծրագրի շրջանակներում նա որոշել է ընտրել Ջավախքում վրացերենի չիմացության և դրանից բխող բնակչության արտահոսի խնդիրը: Թեյի փաթեթների վրա կլինեն վրացերեն արտահայտություններ՝ թարգմանությամբ, բայց ամենակարևորը՝ հասույթի որոշակի մասով Մզիսան նախատեսում է վրացերենի դասընթացներ բացել շրջանի բնակիչների համար՝ նախ առցանց, այնուհետև՝ կախված կորոնավիրուսի հետ իրավիճակից, ոչ պաշտոնական միջավայրում անցկացնել առերես հանդիպումներ` մարդկանց լեզուն սովորեցնելու նպատակով:

«Ծրագրի համաձայն, մենք պետք է ներկայացնեինք սոցիալական նախագիծ, որը կլուծեր որոշակի սոցիալական խնդիր: Ես ընտրեցի վրացերեն լեզվի չիմացության խնդիրը այն շրջաններում, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները: Լեզվի չիմացության պատճառով այստեղ կա միգրացիա, եւ քանի որ մարդիկ չունեն համապատասխան որակավորում, նրանց աշխատանքի էլ չեն ընդունում, նաև բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում», – պատմում է Մզիսան:

Աղջիկը թեյի համար խոտաբույսերն ու ծաղիկները հավաքում է ամբողջ շրջանից: Ինչ-որ բան սարերում է աճում, օրինակ՝ մասուրը և ուրցը, և ինչ-որ բան ջրի մոտ, օրինակ՝ անանուխը: Նա նշում է, որ յուրաքանչյուր բույսն ունի իր հավաքման սեզոնը: Գլխավորը` հասցնել նախքան վնասատուների սկսվելը հավաքել դրանք: Սովորաբար, բույսի հասունացումից հետո մոտ մեկ շաբաթ է մնում հավաքելու համար:

Հավաքելուց հետո տերևային բույսերը ենթարկվում են խմորման, այսինքն՝ տերևներից հյութը ֆիզիկապես քամվում է, իսկ ծաղիկներն անլվա և առանց խմորման դրվում են չորացման՝ բույրն ու համը պահպանելու նպատակով:

«Ամենից շատ ես սիրում եմ կամ չափազանց նուրբ համերը, կամ չափազանց սուր, օրինակ՝ դաղձը, ես շատ եմ սիրում դաղձն ու թեյի վարդը և սիրում եմ դրանք խառնել: Սակայն չեմ սիրում թունդ բուրմունքով և դառը համերը, ինչպիսին է սրոհունդը», – կիսվում է Մզիսան:

Այս ամենից զատ, Մզիսան Թբիլիսիում սովորում է որպես վավերագետ: Հետագայում նա կցանկանար իր կյանքը կապել այս մասնագիտության հետ, սակայն չի պատրաստվում լքել «թեյի բիզնեսը»: Արտադրությունը սկսելուց հետո նա նախատեսում է իր թեյը մատակարարել ինչպես շրջանային, այնպես էլ Թբիլիսիի խանութներ` էկո արտադրանքի տեսքով: Նա արդեն պայմանավորվել է որոշ խանութների հետ: Բացի այդ, Մզիսան ցանկանում է իր թեյերը մատակարարել Ռուսաստան՝ Ջավախքի բնակչության համար:

чай3

Ամալյա Բաբայան