Ախալքալաքի շրջանային դատարանը քննել և քննարկում է 14 գործ, որում մասնակցություն են ունեցել անչափահասներ կամ երիտասարդներ, այդ թվում՝ որակավորված որպես մահափորձ։
Ախալքալաքում և Նինոծմինդայում վերջին շրջանում շատացել են անչափահասների և երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուքներն ու վիճաբանությունները, որոնք սովորաբար տեղի են ունենում դանակի կամ այլ զենքի կիրառմամբ, և որոնք իրենց հերթին ավարտվում են մահով կամ մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնելով։
Jnews-ը զրույց է ունեցել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գորիի գրասենյակի քրեական իրավաբան Ռեվազ Ռեվազաշվիլիի հետ, ով խոսեց անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների վիճակագրության աճի, դրա պատճառների, նրանց պատժի ենթարկելու և նրանց հետ աշխատելու առանձնահատկությունների մասին:
Ռեվազ Ռեվազաշվիլիի խոսքով, անչափահասների դեպքում գործում է Անչափահասների արդարադատության օրենսգիրք, ըստ որի՝ անչափահասների հանդեպ պատժի միջոցներն այլ են: Դրանք կարող են լինել հետևյալ տեսակներով՝ տուգանք, տնային կալանք, աշխատանքի իրավունքից զրկում, հասարակության համար օգտակար աշխատանք կատարելու պարտավորվածություն, ինչպես նաև վատագույն դեպքում ժամկետային ազատազրկում:
«Կարող է լինել, օրինակ. այսպիսի դեպք, եթե անչափահասը գողություն է արել, որպես պատիժ նրան կարող է նշանակվել, օրինակ, տուժվածի համար խանութից ամեն օր ջուր կամ սնունդ հասցնելի և այլն»:
Անչափահասների դեպքում պատժամիջոցները տարբեր են և սպեցիֆիկ կերպով են քննվում քանի-որ, եթե նրանց նկատմամբ կիրառվի խիստ միջոցներ, ապա նրանց կյանքում դա կարող է ոչ թե ուղղիչ, այլ հակառակ էֆեկտ ունենալ:
«Պետք է նշեմ նաև, որ Վրաստանի խորհրդարանն ընդունել է սոցիալական օրենք՝ անչափահասների արդարադատության օրենսգիրքը, որը հատուկ կարգավորում է անչափահասների մասնակցությամբ գործերը: Դա նշանակում է, որ գործին մասնակից դատավորը կամ իրավաբանը պետք է հատուկ պատրաստվածություն անցած լինի, պետք է ծանոթ լինեն այն հոգեբանությանն ու առանձնահատկություններին, որոնք հատուկ են անչափահասներին»:
Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառ հանդիսանում, որ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվն աճում է Ռեվազ Ռեվազաշվիլին պատասխանեց, որ այն կապված է տարբեր ֆակտորների հետ, օրինակ՝ այն որ չկա որևէ հատուկ ծրագիր, որն ուղղիչ աշխատանք կտանի այն անչափահասների հետ, ովքեր այսպես ասած դժվար են մեծանում և բարդ է նրանց հետ աշխատել, իսկ պետությունն էլ հին հերթին չունի հստակ հայեցակարգ այս ամենի շուրջ:
Տեղեկության համար նշենք նաև, որ Անչափահասների արդարադատության օրենսգրքի հոդված 9-ի համաձայն՝ չի թույլատրվում սահմանափակել անչափահասի ազատությունը, եթե օրենքով սահմանված նպատակին կարելի է հասնել ավելի թեթև միջոցի կիրառմամբ: Իսկ անչափահասի նկատմամբ ձերբակալությունը, կալանավորումը և ազատազրկումը թույլատրվում է միայն որպես ծայրահեղ միջոց, որը պետք է կիրառվի հնարավորինս կարճ ժամկետով և կանոնավոր վերանայման պայմանով։ Նույն օրենսգրքի 15-րդ հոդվածի համապատասխան՝ քրեական դատավարության ցանկացած փուլում անչափահաս մեղադրյալին/դատապարտվածին/արդարացվածին և տուժողին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն, եթե անչափահասի կողմից վարձված փաստաբանը չի մասնակցում գործին: Ինչպես նաև քրեական դատավարության ցանկացած փուլում անչափահասն օգտվում է հետևյալ իրավունքներից.
30-րդ հոդվածի համաձայն՝ անչափահասը կարող է անվճար օգտվել թարգմանչի ծառայություններից, եթե չգիտի կամ պատշաճ կերպով չի տիրապետում այն լեզվին, որով ընթանօում է դատավարությունը, կամ չի կարող խոսել այդ լեզվով, բացառությամբ 120-րդ հոդվածի 8-րդ մասի, 121-րդ հոդվածի 2-րդ մասի և Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Այս դեպքերում թարգմանիչը ներկա է ցանկացած դատավարական գործողության:
Անչափահասն իրավունք ունի հանդիպելու թարգմանչի հետ դատական նիստից կամ դատական գործընթացից առաջ՝ պարզելու, արդյո՞ք նրանք հասկանում են միմյանց: Անչափահասների դատավարության պրոցեսին մասնակից հաշմանդամություն ունեցող անչափահասը նույնպես անվճար օգտվում է այն բոլոր ծառայություններից, որոնք անհրաժեշտ են գործին ծանոթանալու և վարույթին մասնակցելու համար: