Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ դիմել է Սակրեբուլոյին, որպեսզի, կառավարության կողմից կոմունալ ծախսերի սուբսիդավորման շրջանակներում, երեք ամսվա մունիցիպալիտետի բնակչության աղբահանության կոմունալ ծախսերը հոգալու համար բյուջեից գումար հատկացվի:
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել փակել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև նույն բաժանորդների ջրամատակարարման և աղբահանման ծախսերը: Սակայն, Ախալքալաքում ջրամատակարարման և աղբահանման սուբսիդավորումը չի գործում:
Մի քանի օր առաջ Jnews- ը փորձեց պարզել, թե ինչու Ախալքալաքի մունիցիպալիտետում ջրամատակարարման և աղբահանման սուբսիդավորումները չեն գործում և պարզեց, որ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը չի ստացել որևէ հրահանգ, և ջրի սուբսիդավորումն այստեղ չի գործի, իսկ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որը զբաղվում է աղբահանության աշխատանքներով, դիմել է քաղաքապետարանին պարզելու, թե ինչպես վարվել աղբահանման վճարների հավաքման առումով:
Երեկ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews- ի հետ զրույցում ասաց, որ իրենք դիմել են Սակրեբուլոյին, որպեսզի նրանք հաստատեն Ախալքալաքի սպասարկման կենտրոնի համար գումարի հատկացումը՝ աղբահանման վճարի մունիցիպալիտետի բնակչության ծախսերը հոգալու առնչությամբ: Եթե Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատի 2020 թվականի բյուջեի փոփոխությունը, ապա աղբահանության վճարը երեք` մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար, Ախալքալաքի և գյուղերի բնակչությունը չի վճարի: