Երկրորդ օրն է Ախալքալաքում է գտնվում Վրաստանի Կարմիր խաչի բժիշկների թիմը: Այս անգամ նրանք բուժառուներին անվճար ընդունել են Ախալքալաքի մունիցիպալիտետի երկու գյուղերում՝ Վաչիանում և Զակում։
Այս ակցիան Ախալքալաքում Կարմիր խաչի կողմից այս տարի անցկացվում է երկրորդ անգամ։
Բժիշկների համար հիմնական դժվարությունը, ինչպես նախորդ անգամ, ամբուլատորիայի շենքերի ջեռուցումն էր, Վաչիանում նույնպես ամբուլատորիան ջուր չունի։ Բժիշկների մյուս դժվարությունը հաղորդակցությունն էր, բուժառուները վրացերեն չէին խոսում, կամավորներն օգնում էին բժիշկներին թարգմանության հարցում, սակայն դժվար էր ապահովել թարգմանությունը, քանի որ բժիշկները բուժառուներին ընդունում էին միաժամանակ երկու սենյակում, և կար միայն մեկ թարգմանիչ:
Չնայած դրան՝ բուժառուները սպասում էին սրտաբանների մոտ մտնելու և էխոսկոպիա անցնելու իրենց հերթին, ներկա էր նաև բժիշկ-թերապևտ։ Բժիշկների խոսքով՝ այս տեղանքի մարդիկ հաճախ են իրենց մոտ գալիս երիկամների հետ կապված, ինչպես նաև դրանցում աղի, ավազի և քարերի գոյացման հետ կապված խնդիրներով:
«Ըստ երեւույթին դա ջրի պատճառով է, քանի որ մեզ մոտ եկողներն ունեն կամ ավազ, կամ քար, կամ էլ աղ։ Շատերն ունեն նաև վահանաձև գեղձի հիվանդություն, թեև պաթոլոգիան հաճախ չի հայտնաբերվում, բայց այն կա։ Լյարդի հիվանդություններով հիվանդներ էլ կան, հիպերտոնիկներ։ Խնդիրն այն է, որ մարդիկ հետազոտություններ չեն անցնում, բժիշկներին չեն դիմում, իհարկե, դա շատ վատ է: Հարկավոր է ավելի հաճախ դիմել բժշկի՝ հիվանդությունները բացառելու կամ հայտնաբերելու համար։ Երեկ, օրինակ, մի կին կար 4-րդ կարգի կրծքագեղձի քաղցկեղով, բայց նա մինչև այդ բժշկի չէր դիմել: Ես կարծում եմ, որ բժիշկները պետք է լինեն բոլոր ամբուլատորիաներում, քանի որ միշտ չէ, որ մարդիկ կարող են գնալ մեծ քաղաքներ և նույնիսկ մարզային հիվանդանոցներ հետազոտության համար, դրա պատճառները շատ են, դա կարող է լինել օրինակ այն, որ պարզապես մարդը միջոցներ չունի բժշկի դիմելու համար»,- ասում է Ծիթելի Ցկղարոյի Կարմիր խաչի մենեջեր, գինեկոլոգ Նաթելա Թամազաշվիլին։
Ախալքալաքի Կարմիր խաչի մենեջեր Հնազիկ Ավետիսյանի խոսքով, սա բժիշկների երկրորդ նման այցն էր Ախալքալաքի մունիցիպալիտետ, և այս անգամ համեմատաբար ավելի շատ մարդ կա, ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ տեղական լրատվամիջոցները կանխավ ակցիայի մասին տեղեկատվություն են տարածել:
«Մենք տեսնում ենք, որ բնակչության շրջանում բժիշկների այցելության անհրաժեշտությունը մեծ է, ուստի մտածում ենք նմանատիպ հերթական այցը կազմակերպելու մասին»,- ասում է նա։
Նշենք, որ անվճար բուժզննումներն իրականացվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի և Կարմիր խաչի միջև 2021 թվականին ստորագրված հուշագրի համաձայն։